Այսօր` նոյեմբերի 7-ին, կկայանան Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի մյուս հանդիպումները:
«Արմենիա» հեռուստաընկերությունն այսօր ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի «Վիկտորի Պլզեն»-«Ռեալ» հանդիպումը, իսկ «Արմենիա Premium»-ի եթերում հեռուստադիտողները կկարողանան դիտել «Յուվենտուս»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը:
Երկու հանդիպումն էլ կմեկնարկի ուղիղ կեսգիշերին:
H խմբի 3-րդ տուրում «Յուվենտուսը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում Պաուլո Դիբալայի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթանակ է տարել «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ, և մանկունիացիներին այսօր հաղթելու դեպքում «Յուվենտուսը» կապահովի իր տեղը ՉԼ-ի 1/8 եզրափակչում:
Թուրինյան թիմն այս պահին 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Ժոզե Մոուրինյուի թիմը 4 միավորով երկրորդ տեղում է:
Պլզենում կայանալիք հանդիպումը «Ռեալի» համար մեծ նշանակություն ունի։ Չեմպիոնների լիգայի վերջին խաղարկությունների գավաթակիրը հաղթանակի դեպքում կմոտենա 22-րդ անգամ անընդմեջ խմբային փուլի արգելքը հաղթահարելուն։ G խմբի մրցաշարային աղյուսակում «Ռեալն» ու «Ռոման» 3-րդ տուրից հետո հավասար` 6-ական միավոր ունեն, իսկ չեխական ակումբը 1 միավորով եզրափակում աղյուսակը: