Ապրիլի 12-ին կկայանան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի երկու պատասխան խաղեր. Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կընդունի գերմանական «Վոլֆսբուրգին», իսկ անգլիական «Մանչեսթեր Սիթին» տանը կհյուրընկալի ֆրանսիական ՊՍԺ-ին: Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:45-ին:
«Ռեալ» (Իսպանիա) — «Վոլֆսբուրգ» (Գերմանիա) (առաջին խաղ՝ 0:2)
Այս դիմակայության մեկնարկից առաջ ոչ ոք չէր ակնկալում ինտրիգ, սակայն «գայլերի» ջանքերի շնորհիվ այն վերածվեց իսկական սենսացիայի:
Զինեդին Զիդանի օրոք «Ռեալը» սեփական դաշտում մեծամասնությամբ հաղթում է խոշոր հաշվով, այդ պատճառով սպասելի է, որ ֆրանսիացի մասնագետը կկարողանա ֆուտբոլիստներին հաղորդել այնպիսի տրամադրվածություն, որի շնորհիվ այս խաղը կտարբերվի առաջին հանդիպման սցենարից: Վերջին անգամ մադրիդցիներին հաջողվել է եվրագավաթների փլեյ-օֆֆ դուրս գալ առաջին խաղում պարտվելուց հետո միայն 29 տարի առաջ, երբ «արքայական ակումբը» հյուրընկալվելիս պարտվելով Մյոնխենգլադբախի «Բորուսիային» 1:5 հաշվով, տանը կարողացել է 4 անպատասխան գնդակ ուղարկել: Երկրպագուների մեծ մասը սպասում է, որ «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն իր հետեւից կտանի թիմին: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 41 խաղում «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը խփել է 43 գոլ ու կատարել 15 արդյունավետ փոխանցում: Իր հերթին «գայլերը» պատրաստվում են իսկական մարտ տալ մրցակցին:
Հավանական կազմեր.
«Ռեալ». Նավաս, Կարվախալ, Պեպե, Ռամոս, Մարսելո, Կրոս, Կազեմիրո, Մոդրիչ, Բեյլ, Բենզեմա, Ռոնալդու
«Վոլֆսբուրգ». Բենալյո, Տրեշ, Դանթե, Կնոխե, Ռոդրիգես, Գիլյավոգի, Գուստավո, Շյուրլե, Արնոլդ, Դրաքսլեր, Կրուզե
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — ՊՍԺ (Ֆրանսիա) (առաջին խաղ՝ 2:2)
Փարիզում կայացած առաջին խաղն ինտենսիվ ստացվեց ու գոլառատ: Պատասխան խաղից երկրպագուները նույն ակնկալիքներն ունեն: Դիմակայության մեկնարկից առաջ ֆավորիտ էր համարվում Լորան Բլանի թիմը, սակայն մանչեսթերցիները կարողացան դրական արդյունքի հասնել: Հարկ է նշել, որ առաջին խաղում Ֆրանսիայի չեմպիոնի առաջատար Զլատան Իբրահիմովիչի մոտ չստացվեց խաղը. նա վրիպեց 11- մետրանոցից: Եթե Անգլիայում նա իր ուժերի չափով գործի, ապա «քաղաքայինների» համար շատ ավելի բարդ կլինի: «Մանչեսթեր Սիթիից» խաղը բաց կթողնի բելգիացի պաշտպան Վենսան Կոմպանին, հարցականի տակ է Յայա Տուրեի ու Ֆաբիան Դելֆի մասնակցությունը: Փարիզցիներից հանդիպմանը չեն մասնակցի որակազրկված Բլեզ Մատյուիդին ու Դավիդ Լուիսը: Հարցականի տակ է Կեւին Տրապի, Մարկո Վերատիի ու Խավյեր Պաստորեի մասնակցությունը:
Հավանական կազմ.
«Մանչեսթեր Սիթի». Հարթ, Օտամենդի, Մանգալա, Կլիշի, Սանյա, Ֆերնանդինյո, Ֆերնանդո, Տուրե, Սիլվա, Դե Բրյույնե, Ագուերո
ՊՍԺ. Տրապ, Մարկինյոս, Սիլվա, Օրյե, Մաքսվել, Մոտա, Դի Մարիա, Ռաբիո, Մոուրա, Իբրահիմովիչ, Կավանի