Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում պատգամավորներին կոչ արեց չքաղաքականացնել խորհրդարանի ամբիոնը:
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նիստում դժգոհեց, որ 15 օրինագծեր կան, որոնք շատ կարևոր հարցերի վերաբերյալ են, բայց տարիներով չեն դրվում քննարկման: Նա դժգոհեց, որ իրենց սահմանադրական իրավունքը պատրանքային է, չի իրացվում: Մարուքյանն ասաց, թե տպավորություն է, որ ծանոթով են նախագծերը դրվում քննարկման:
Ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց. «Հումորի համար ասեմ՝ ծանոթ ճարեք»: Այնուհետև նա շարունակեց, որ խորհրդարանը բավական ծանր օրակարգով է աշխատում: «Պետք է փորձենք չքաղաքականացնել այս ամբիոնը: Այստեղ ավելի շատ քաղաքական դեբատներ են գնում, քան թե նախագծեր են քննարկվում»,- ասաց Սահակյանը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց. «Փաստորեն, ՀՀ-ն հավակնում է դառնալ աշխարհում առաջին երկիրը, որտեղ քաղաքականությունը չքաղաքականացնելու կոչեր են հնչում»: