տուն Լուրեր Չինովնիկը չպետք է խնդիր լուծի. Արփինե Հովհաննիսյանն` Արսեն Բաբայանին

Չինովնիկը չպետք է խնդիր լուծի. Արփինե Հովհաննիսյանն` Արսեն Բաբայանին

169
0

arp

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության նորանշանակ պետ Արսեն Բաբայանի կամայականությունները, որ վերջինս թույլ է տալիս նշված պաշտոնում նշանակվելու օրվանից, շարունակում են խոչընդոտներ ստեղծել ԱԺ աշխատանքները լուսաբանող լրագրողների համար: Այժմ էլ պարզվեց, որ Արսեն Բաբայանի որոշմամբ` ԱԺ հերթական նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու հնարավորությունից զրկվել են  նախկինում հավատարմագրված բազմաթիվ լրատվամիջոցներ` պատճառաբանությամբ, որ  նրանք իրենց տվյալները պատշաճ չեն ներկայացրել և այլն…

Այս ամենի շուրջ այսօր մի քանի լրագրողներով զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Արփինե Հովհաննիսյանի հետ՝ նրանից հետաքրքրվելով, թե որքանո՞վ են իրավաչափ Արսեն Բաբայանի այս գործողություններն, ու արդյոք սա կարո՞ղ է ԱԺ ղեկավարության ու անձամբ ԱԺ նախագահի իմացությամբ ու հանձնարարականով լինի՝ հնարավորինս ճնշել լրագրողներին և արգելել նրանց ազատ ելումուտը խորհրդարան։

Մինչ հարցի բուն էությանն անցնելը, Արփինե Հովհաննիսյանը նախ ասաց, որ Ազգային ժողովը մշտապես բաց կառույց է եղել, և սա միայն ՀՀ ԱԺ առանձնահատկությունը չէ, դա բնութագրական է աշխարհի բոլոր երկրների բոլոր խորհրդարաններին, քանզի խորհրդարանները մշտապես բաց են եղել, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովը, որը, ի տարբերություն մյուս կառույցների, հատկապես գործադիր իշխանության կառույցների, մշտապես աչքի է ընկել իր բաց աշխատանքային ռեժիմով, ինչը պայմանավորված է նաև քաղաքական ողջ ներկապնակի ներկայացվածությամբ։
Ինչ վերաբերում է բուն խնդրին, Արփինե Հովհաննիսյանը նշեց` հարցը կդիտարկի միաժամանակ երեք հարթություններում․ «Նախ նշեմ, որ որոշակի առումով ծանոթ եմ հրապարակումներին, և այստեղ երեք հարթություն կցանկանայի առանձացնել՝ իրավական, քաղաքական և բարոյական։ Սկսեմ իրավականից․ որպես իրավաբան՝ Կարգի հետ կապված, թե՛ հետադարձ ուժի, թե՛ Կարգում ներառված նոր ցուցանիշների և այլն, ես մի քանի լրատվամիջոցների աշխատանքային կարգով մեկնաբանություն տվել եմ, բայց խուսափել եմ հրապարակային մեկնաբանություններից՝ հաշվի առնելով այն փաստը, որ ո՛չ իմ` որպես իրավաբանի, ո՛չ էլ, առավելևս, ինչ-որ  չինովնիկի հայեցողական մեկնաբանությունները չեն կարող դրվել այս կամ այն իրավաստեղծ կամ իրավադադարեցնող նշանակություն ունեցող փաստերի կիրարկման հիմքում»,- ասաց ՀՀԿ պատգամավորն՝ ընդգծելով, որ, իր կարծիքով, այստեղ ասելիք ունի հատկապես դատարանը, որն, իր խորին համոզմամբ, կտեսնի որոշակի խնդիրներ։

Ինչ վերաբերում է քաղաքական հարթությանը, ապա պատգամավոր Հովհաննիսյանն ասաց․ «Պիտի նշեմ, որ ԱԺ քաղաքական ղեկավարությունը մշտապես աչքի է ընկել թե՛ իր հանդուրժողականությամբ, և թե՛ իր լայնախոհությամբ, և վստահ եմ, որ այստեղ որևէ քաղաքական խնդիր չկա, քաղաքական հաշվեհարդարի խնդիր էլ չկա, որովհետև այդ նույն հավատարմագրման կարգը, եթե ելնենք այն կանխավարկածից, որ հավատարմագրման կարգում բոլոր դրույթները պահպանված են եղել համապատասխան մարդկանց կողմից, միևնույն է, տալիս է այլ ռեժիմներ Ազգային ժողովի շենք մուտք գործելու, և հենց այդ համատեքստում Ագզային ժողովի ղեկավարությունը, բնականաբար, իր ասելիքը կունենա»։

Բարոյական հարթության առումով էլ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց․ «Ես կարծում եմ, որ հանդուրժողականության և համագործակցության մթնոլորտը ամենակարևորն է, որ կարող է լինել լրագրողական համայնքի և լրատվական համապատասխան ծառայությունների միջև, և այստեղ բարոյական հարթությունը պետք է դիտարկել մեդալի, կամ միևնույն հարաբերության երկու կողմերի բարոյական չափանիշների համատեքստում»։

Հարցին, թե արդյոք Ազգային ժողովի նախագահը տեղյա՞կ է այս ամենից, կամ հնարավո՞ր է՝ լրագրողների հանդեպ այս «արշավը» իր ցուցումով ու ցանկությամբ լինի, Արփինե Հովհաննիսյանն ասաց․ «Ես բացառում եմ, որ Ազգային ժողովի նախագահը որևէ կամայականության կամ որևէ հայեցողական մեկնաբանության հետ կապված որևէ ձևով մասնակցություն ունեցած լինի։ ԱԺ նախագահը որևէ պարտավորվածություն չունի իրավական նրբություններին տիրապետելու, որոնք կարող են հանգեցնել այս կամ այն մեկնաբանությանը։ Այդ իսկ պատճառով՝ ես մատնանշեցի երեք հարթություն, և եթե իրավական հարթության վրա ենք կենտրոնանում, ապա ես՝ որպես իրավաբան, խնդիր տեսնում եմ, բայց կարծում եմ, որ այդ խնդրին վերջնական լուծում պիտի տա ոչ թե ինչ-որ չինովնիկ, այլ դատարանը, իսկ, ահա, քաղաքական առումով, բնականաբար, ես որևէ խնդիր չեմ տեսնում»։