Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին այսօր ընդունել է պաշտոնական այցով երկրում գտնվող Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին։ Ռուհանին Ցզինպինի իրանական այցը որակել է որպես պատմական իրադարձություն Թեհրանի ու Պեկինի միջև հարաբերություններում։
Ռուհանին Ցզինպինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Նախագահ Սի Ցզինպինի այցը կարևոր է, այն պատմական իրադարձություն է, և ես համոզված եմ, որ այն նոր էջ կբացի Իրանի ու Չինաստանի փոխհարաբերություններում։ Իրանը ողջունում է Չինաստանի հետ ամուր կապեր ունենալը և հատկապես Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումից հետո։ Իրանն ու Չինաստանը պայմանավորվել են ավելի շատ համագործակցել տարածաշրջանային ահաբեկչության դեմ պայքարում»։
Ցզինպինն իր հերթին կողմ է արտահայտվել Իրանի հետ ռազմավարական կապերի խորացմանը։ Չինաստանի նախագահը պատժամիջոցների վերացումից հետո Իրան այցելած համաշխարհային առաջին առաջնորդն է։