Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ով Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումից հետո այդ երկիր այցելած համաշխարհային առաջին առաջնորդն է, Թեհրանում հայտարարել է, որ Չինաստանը ցանկանում է նոր էջ բացել Իրանի հետ կապերում։
Չինաստանի նախագահն ընդգծել է, որ իրենք ցանկանում են զարգացնել Իրանի հետ ռազմավարական տնտեսական համագործակցությունը։
Հաղորդվում է, որ Չինաստանը իրանական նավթի թիվ մեկ գնորդն է, և որ անգամ Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների պայմաններում շարունակել է նրանից գնել նավթ և զարգացնել էներգետիկ նախագծերը։
Սի Ցզինպինը Թեհրան ժամանել է ուրբաթ գիշերը, իսկ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպել է այսօր։ Նա հայտարարել է, որ Չինաստանի ու Իրանի միջև բարեկամությունը ունի 2000 տարվա պատմություն, և որ այսօր էլ քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա։
Չինաստանն ու Իրանը նախագահների մասնակցությամբ ստորագրել են 17 փաստաթուղթ, որոնք առնչվել են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև տնտեսական ոլորտում համագործակցության զարգացմանը։ 2014 թվականին Իրանի ու Չինաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 52 միլիարդ դոլար, իսկ 2015 թվականին նավթի գնանկման պատճառով այն որոշակի նահանջ է ապրել։
2015 թվականի առաջին 11 ամիսներին Չինաստանն Իրանից ներկրել է 24.36 միլիոն տոննա հում նավթ, ինչը կազմում է նավթի ողջ ներկրման 8 տոկոսը։ Հաղորդվում է, որ իր իրանական այցի շրջանակներում Չինաստանի նախագահը հանդիպելու է նաև Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի հետ։