«Զինված բանդայի» գործով կալանավորված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն այժմ առողջական լուրջ խնդիրներ ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
«Նրա առողջական վիճակը, որն ի սկզբանե արդեն վատ էր, ավելի է վատանում, նա նախքան անազատության մեջ գտնվելն արդեն լուրջ խնդիրներ ուներ առողջության` սրտի հետ կապված, ինֆարկտ, ինսուլտ: Կալանավորվելուց հետո վատացավ, և կալանքի տակ գտնվելու ժամանակ նրա մոտ առաջացավ նաև թոքի ինֆարկտ»,-ասաց փաստաբանը:
Ինչպես նշեց փաստաբանը, առողջական խնդիրների պատճառով Շիրխանյանն արդեն երկրորդ անգամ չի կարողանում մասնակցել քննչական գործողությանը. «Նա մասնակցելու ցանկություն ունի, բայց ֆիզիկապես ի վիճակի չէ: Չի կարելի մարդուն ութ ամսից ավելի փաստացի պատանդի կարգավիճակում պահել, ընդ որում` այսպիսի առողջական վիճակում գտնվող մարդուն»:
Ալումյանը նաև հավելեց, որ այն մեղադրանքները, որոնք առաջադրվել են Շիրխանյանին, հիմնավորված չեն և վերացական բնույթ ունեն. «Գործի նյութերով մեղադրանքը ոչ միայն չի հիմնավորվում, այլ նաև հերքվում է»:
Հիշեցնենք, որ Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով։