տուն Լուրեր Չի բացառվում՝ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ տրվի

Չի բացառվում՝ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ տրվի

91
0

Arcvik-Minasyan

ՀՀ  Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ մենաշնորհների դեմ պայքարի վերաբերյալ իրենց տրված երեք շաբաթյա ժամկետը հետաձգվում է: Ինչպես հայտնի է, վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մինասյանին հանձնարարական էր տվել՝ ուսումնասիրել գերիշխող դիրք զբաղեցնողներին եւ երեք շաբաթվա ընթացքում հրապարակել անունները: Հիմա, սակայն, Մինասյանը նշում է, որ ժամկետները անորոշ ժամանակով հետաձգվում են:

Նա  մենաշնորհների դեմ պայքարի վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան ցնցող հայտարարություն արեց՝ չբացառելով, որ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ կտրվի: Նա ասաց, որ ուզում է մի բան հայատարարել, որը, վստահ է, քննադատությունների տեղիք կտա: Ըստ Մինասյանի՝ Հայաստանի շաքար արտադրող գործարանն այսօր աշխատում է իր հզորության 25-30 տոկոսի չափով: «Հիմա հարց է՝ առհասարակ այդ 25-30 տոկոսն էլ չպետք է թույլ տալ, որ աշխատի՞, թե՞ ավելի լավ է դու օրենքով իրեն ճանաչես մենաշնորհ, բայց պայմաններ առաջադրես: Ընդունենք ասես՝ դու պետք է առնվազն 90 տոկոս հզորությամբ աշխատես, դու պետք է ապահովես նավազագույնն այսքան աշխատատեղ, այսքան պետական բյուջեի մուտքեր, պետք է ապահովես թափանցիկություն: Այդ դեպքում, անկախ նրանից, թե ովքեր են սեփականատերերը, գուցե պետությունը նաև աջակցի այդ կազմակերպությանը, արտահանում կազմակերպի»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Հարցին, թե այսինքն՝ կառավարությունը փորձում է օրենքով օրինականացնել այն, ինչն այսօր անօրինական կա՞, նա պատասխանեց. «Ոչ, ես ասում եմ հետևյալը՝ սրանք հարցեր են, որոնք պետք է քննարկվեն»: Նա նշեց, որ օրինակ՝ Շվեյցարիան իր աղ արդյունահանող ձեռնարկությանը տվել է բացառիկ իրավունք՝ Շվեյցարիա աղի ներմուծման թույլտվություն տալու առումով: Դա նույնպես մասնավոր ընկերություն է, օրենքով տվել են իրավունք, նույնը կարող է լինել Հայաստանում: «Սրանք հարցեր են, որոնք պետք է քննարկվեն: Այն ոլորտները, որոնք տեղական արտադրություն են, պետք է ապահովեն զբաղվածության մեծ քանակություն, որոնք հանրային պատասխանատվության տակ պետք է լինեն և տնտեսական մեծ արդյունք են տալիս, արդյոք ճի՞շտ է, որ մենք այս մասով ամբողջությամբ ներմուծման ազատություն տանք, թե՞, այնուամենայնիվ, հանրային շահն այս դեպքում պահանջում է, որպեսզի օրենքով բոլոր հարաբերությունները կարգավորվեն՝ թեկուզ ճանաչելով իրեն մենաշնորհ»,- նշեց նա: