Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի ընտանիքի անդամները 20-րդ դարի սկզբին մտահոգություն են ունեցել, որ Ուինսթոնը կարող է իսլամ ընդունել։ Այս մասին են վկայում դեկտեմբերի 29-ին բրիտանական լրատվամիջոցներում հրապարակված նամակը, որը գրել են Չերչիլի ընտանիքի անդամները։
Քեմբրիջի համալսարանի գիտնական Ուորեն Դոքթերը, ով հայտնաբերել է այդ նամակը, նշում է, որ այն 1907 թվականին գրել է լեդի Գվենդոլին Բերթին, ով հետագայում ամուսնացել է Չերչիլի եղբոր հետ։ «Խնդրում եմ, իսլամ մի ընդունիր։ Ես նկատել եմ, որ դու արևելյան հակումներ ունես, որը քեզ փաշայի է նմանեցնում»։ Չերչիլը նրան պատասխանել է․ «Դու ինձ նմանեցնու՞մ ես փաշայի։ Ես չէի ցանկանա այդպիսին լինել»։
Ուորեն Դոկթերի խոսքերով՝ թեպետ Չերչիլը հիանում էր իսլամական մշակույթով, այդուհանդերձ նա ամենևին էլ մոտ չի եղել իսլամ ընդունելուն։ Իսլամի նկատմամբ սերն առաջացել է այն ժամանակ, երբ նա մասնակցել է Սուդանում և Հնդկաստանում ռազմական գործողություններին։