տուն Լուրեր Չենթարկվողներին պատժում են

Չենթարկվողներին պատժում են

160
0

Surik_X1

Պայքարելու համար մարդկանց պատժում են: Araratnews.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց իրավապաշտպան ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով «Սդղի գյոլի» տարածքում Հարություն Զաքարյանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու և աչքի տեսողությունից զրկելու մեղադրանքով կալանավորված Սյունիքի մարզպետ Տիգրան Խաչատրյանի ազատ արձակավելուն:

«Նրանք մինչև վերջ չպայքարեցին, բայց հայաստանյան իրականության մեջ ոչ ոք պայքարով չի հասնում արդարադատության: Այս դեպքում  ճնշումը շատ մեծ է եղել: Ամբողջ իրավապահ համակարգը, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանը, Լիսկային է ծառայում: Չեմ մեղադրում տուժող կողմին. ստիպված է եղել գնալ այդ քայլին: Իրենք միայնակ էին պայքարում, իրենց կողքին չէին Գորիս, Երևան քաղաքները, բնակչությունը»:

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ չպետք է մոռանալ, որ իրենք Գորիսում են ապրում, ինչպես նաեւ այն, թե ինչպես են պատժում չենթարկվողներին, իրենց ցանկությունները չկատարողներին:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է Զաքարյաններին կաշառած լինեն, իրավապաշտպանն ասաց. «Եթե իրենք ի սկզբանե լռեին, գուցե հակված լինեինք մտածելու, որ իրենց կաշառել են, բայց հիմա չեմ կարող նման բան ասել»:

Իրավապաշտպանը հիշեցրեց Բուդաղյանների օրինակը.  «Նրանց պատժում են պայքարելու համար, այսինքն՝ նրանք ստացան երկորդ պատիժը. Արա Բուդաղյանը կալանավորված է: Նույնն էլ կլիներ Զաքարյանների դեպքում, եթե շարունակեին պայքարել»:

Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունը բավարարել է «Սդղի գյոլի» տարածքում Հարություն Զաքարյանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու և տեսողությունից զրկելու մեղադրանքով կալանավորված Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելու՝ Քննչական կոմիտեի միջնորդությունը։