Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության հետ կապված պետք չէ կախվել կոնկրետ ինչ-որ ամսաթվից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետը:
«Ես չեմ բացառում, որ պայմանագիրը կկնքվի հոկտեմբերի 10-ին, բայց ես վստահ չեմ,- ասում է նա,-թե Ռուսաստանի հետ բոլոր խնդիրները լուծված են: Տեխնիկական բնույթի խնդիրները նույնպես լուծվել են: Կա մի քանի խնդիր` քաղաքական բնույթի, որոնք կապված են Մաքսային միության մնացած անդամների հետ: Չէ՞ որ Մաքսային միությունում միայն Ռուսաստանը չէ. այնտեղ Մինսկն է, ու նաև Աստանան»:
Իսկ թե որքանով կհաջողվի լուծել այդ խնդիրները մինչև հոկտեմբերի 10-ը՝ քաղաքագետը դժվարացավ ասել:
«Կարծում եմ, որ հավանականությունը մեծ է, որ պայմանագիրն ի վերջո կկնքվի, քանի որ Ռուսաստանն ամեն դեպքում առաջնորդում է այնտեղ, իսկ նա դա ակնհայտորեն ուզում է: Բայց ամեն դեպքում, եթե չստացվի ստորագրել անդամակցության պայմանագիրը, ես չեմ զարմանա»,- թեման եզրափակեց Իսկանդարյանը: