տուն Լուրեր Չեմ հավատում. Կարապետյանը՝ Մինասյանին

Չեմ հավատում. Կարապետյանը՝ Մինասյանին

114
0

Arcvik-Minasyan

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում ուշագրավ երկխոսություն տեղի ունեցավ վարչապետ Կարեն Կարապետյանի և էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի միջև:

Երբ Արծվիկ Մինասյանը ներկայացնում էր գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «Նանման» ընկերությանը մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու և «Շանթ» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին հարցերը, Կարեն Կարապետյանը հարցրեց՝ մոնիթորինգ իրականացվո՞ւմ է՝ պարզելու համար, թե տարբեր ժամանակահատվածներում կառավարության արտոնություններից օգտվող ընկերություններն ի՞նչ աշխատատեղեր են բացել: Մինասյանը պատասխանեց, որ դա պարզելու համար նման համակարգ գոյություն չունի: Ինչո՞ւ`  հետաքրքրվեց վարչապետը:

էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց երկու պատճառ. նախ` ընկերությունում այցելությունը դիտվում է որպես միջամտություն իրենց աշխատանքին, ուստի իրենք փորձում  են հարցումների միջոցով տեղեկություն ստանալ:

Նրան ընդհատեց Կարեն Կարապետյանը. «Պարոն Մինասյան, ես չեմ ասում՝ դուք գնաք, բիզնեսից տեղեկանք ուզեք: Ես ուզում եմ հատուկ նշել՝ ՊԵԿ-ին ես նոր հանձնարարություն չեմ տվել, ես ՊԵԿ-ին ասել եմ՝ ինքը իր գործառույթը կատարի ընդամենը: Այդ իսկ պատճառով կարող է իմ հանձնարարականը և դիմումը հնչեն մի քիչ աբսուրդ, որովհետև ես ասում եմ այն, ինչ պետք է կատարի ՊԵԿ-ը: Այս պահին դուք, լինելով էկոնոմիկայի նախարար, տալով արտոնություններ բիզնեսին, ստեղծելով բարենպաստ պայմաններ, որպեսզի բիզնեսը զարգանա, ստեղծի աշխատատեղ՝ հետաձգում եք գումարներ: Հետո էդ հարցը որևէ ձև մոնիթորինգ չի՞ արվում: Ես չեմ ասում՝ գնանք բիզնեսից տեղեկանք ուզենք, ՊԵԿ-ի հետ պայմանավորվեք, հաշվետվության ձև արեք»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը  նաև հետաքրքրվեց՝ որքան ժամանա՞կ են ծախսում ընկերությունները՝ նման արտոնություն  ստանալու  համար: Արծվիկ Մինասյանը պատասխանեց՝ մոտ մեկ շաբաթ: Կ.Կարապետյանը նորից ճշտեց՝ «Նանման» ընկերությունը ե՞րբ է դիմել էկոնոմիկայի նախարարություն: Մինասյանը կրկնեց՝ գրեթե մեկ շաբաթ առաջ:

Չեմ հավատում` արձագանքեց վարչապետը: Դրանից հետո Արծվիկ Մինասյանն ասաց, որ լրացուցիչ կներկայացնի այդ տեղեկությունը: