ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր Աժ-ում ելույթ ունենալով, անդրադարձավ «Շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:
«Մեր նպատակը մեկն է, որ մենք կարողանանք մեր տնտեսվարող սուբյեկտների մոտ մտցնել այն գաղափարը, որ աշխատեն հարկային դաշտում: Նախկինում եղել են տարբեր առաջարկություններ, որ թողնենք փոքրն ու խոշորը իրար հետ բանակցեն, պետությունն էլ մի կողմ մնա: Ես դեմ եմ այս գաղափարին: Ես ընդհանրապես չեմ ընդունում հարկային արտոնությունները: Թողնենք մի կողմ սահմանամերձ գոտիները: Երբ արտոնություն ես տալիս, տնտեսվարողները սովորում են դրան, երբ փորձում ես հսկողություն սահմանել, իրենք դժգոհում են` ասելով, թե նախկինում լավ էր»,- իր խոսքում ասաց պատգամավորը:
Անդրադառնալով Արամ Մանուկյանի խոսքին, թե ինչո՞ւ է կառավարությունը հետ կանգնում այն բոլոր նախագծերից, որոնք հանդիպում են ժողովրդի ճնշմանը, Վահրամ Բաղդասարյանը ասաց.
«Կառավարությունը պետք է իդեալական օրենքներ բերի, և այստեղ ասելիք չլինի՞: Շատ լավ է, որ Աժ-ում բուռն քննարկումներ են լինում: Պետք է կարողանանք գտնել այն ոսկե միջինը, որով կկարողանանք առաջ շարժվել»: