Գերմանիան ի սկզբանե հանդիսանում էր Մինսկի խմբի անդամ- երկիր, բայց ոչ` համանախագահ երկիր: Սկզբունքային որևէ փոփոխություն չի կարող լինել,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով հարցը, թե հնարավո՞ր է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների շարքում Գերմանիան փոխարինի Ֆրանսիային:
«Գերմանիան վերցրել է Եվրոպայի գլխավրի դերը և այդ առումով փորձում է նաև վերահսկողություն սահմանել Ղարաբաղյան խնդրում: Ձևաչափը փոխելով` Ադրբեջանը փորձում է կասկածի տակ դնել մինսկի խմբի գործունեության հարցը, բայց ես չեմ կարծում, որ դա նրան կհաջողվի:
Քաղաքագետի խոսքով` այն, ինչ տեղի է ունենում շփման գծում, տարբերվում է լայն ռազմական գործողություններից:
«Եթե մենք տեսնում ենք ակտիվացում շփման գոտում, դա չի նշանակում, որ դա կբերի պատերազմի: Շատ զինատեսակներում ադրբեջանցիներն ունեն առավելություն, բայց աշխարհաքաղաքական դիրքի ու մարտավարության առումով նրանք զիջում են»,- իր խոսքում ասաց նա:
Սերգեյ Մինասյանը չի բացառում, որ երեք-չորս ամիս անց մենք նույն վիճակում ենք հայտնվելու: Բայց, ըստ նրա, ադրբեջանցիները ի վիճակի չեն սկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններ. դա Ադրբեջանի շահերից չի բխում:
«Գյումրիի դեպքը Ադրբեջանի մոտ պատկերացում էր ստեղծել, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները ինչ-որ փոփոխություն են կրել: Եվ չնայած այդ սարսափելի դեպքին, հայ-ռուսական հարաբերություններում փոփոխություններ լինել չէին կարող, քանի որ դա բխում է և Հայաստանի, և Ռուսաստանի շահերից»,- նշում է քաղաքագետը:
Բացի այդ, ադրբեջանցիները լուրջ խնդիր ստեղծեցին` ցենզուրա սահմանելով երկրի ներսում, որը տանում է դպի փակուղի:
Սերգեյ Մինասյանի համոզմամբ` նրանք պետք է հասկանան, որ որքան էլ թաքցնեն զոհերի, վիրավորների մասին տեղեկատվությունը, հնարավոր է, որ տեղեկատվության աղբյուրը լինի, օրինակ, Հայաստանից: Վերջին օրերին անգամ նրանք չդիմացան ու սկսեցին որոշ տեղեկություններ հայտնել: