Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան երբևէ կոչ չի արել ռազմական գործողություններ սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, հայտնում է Ինտերֆաքսը:
«Մենք ևս մեկ անգամ ասում ենք, որ Թուրքիան երբևէ որևէ մեկին պատերազմի կոչ չի արել»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը:
Ընդ որում` թուրք նախարարը հրաժարվել է մեկնաբանել ռուսաստանցի քաղաքական գործիչների հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետևում կանգնած է Թուրքիան:
«Դա այնքան ծիծաղելի մեղադրանք է, որ ցանկություն չկա նույնիսկ մեկնաբանել: Ո՞վ է առաջինը խախտել զինադադարը Ղարաբաղում: Հայաստանը: Ստացվում է, որ Թուրքիան կոչ է արել Հայաստանին հարձակվել եղբայրական Ադրբեջանի վրա: Բայց դա ծիծաղելի է»,- ասել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ Հայաստան կատարած այցի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը անընդունելի է համարել Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները Արցախյան խնդրի վերաբերյալ` ընդգծելով, որ Անկարան պատերազմի կոչեր է անում: