Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Բուդապեշտում մեկնաբանել է ԱՄՆ-ի այն հայտարարությունը, որ նա Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցությանը (PYD) չի ճանաչում որպես ահաբեկչական կազմակերպություն:
«Անհրաժեշտ է, որ բարեկամական ու դաշնակցային երկրները ահաբեկչական կազմակերպության հարցով ունենան մեկ դիրքորոշում։ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում մե՞նք ենք գործընկեր երկիր, թե՞ Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպությունը։ Թե՛ Թուրքիան, թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ԵՄ-ն ԴԱԻՇ-ը դիտարկում են որպես ահաբեկչական կազմակերպություն։
Նրանք (Արևմուտքը) հարցին նայում են այսպես. այժմ ԴԱԻՇ-ը վատն է, որովհետև արմատական է, իսկ PYD-ը, PKK-ն ավելի լավն են, որովհետև մարքսիստ-լենինիստական են։ Բայց մի՞թե դա ճիշտ է։ Չէ՞ որ և՛ նա է ահաբեկչական կազմակերպություն, և՛ նա։ Ահաբեկչական կազմակերպությունները մեկը մյուսից լավը չեն լինում։
Եվրոպայում մի շարք ձախ ուժեր աշխատում են PKK-ն ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հանելու ուղղությամբ։ PYD-ի պարագայում էլ ասում են՝ նա հիմա ինձ վնաս չի տալիս, հետևաբար կարող ենք համագործակցել նրա հետ։
Արդեն ժամանակն է, որ ԱՄՆ-ը որոշում ընդունի։ Ահաբեկչական կազմակերպությանն աջակցած շատ երկրներ իրենք են ենթարկվել ահաբեկչական կազմակերպությունների հարձակումներին»։