Կառավարությունը երեկ որոշում կայացրեց, որի համաձայն 2016թ. հունվարի 1-ից չաշխատող մայրերին վճարվելու է մայրության նպաստ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախ. Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց որոշման նախագծի էությունը:
«Օրենքի դրույթների համաձայնˋ չաշխատող մայրերին նպաստ կնշանակվի աշխատող մայրիկների համար աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի օրերի հաշվարկով: Մարդը եթե հղի է, անկախ նրանիցˋ աշխատում է, թեˋ ոչ, նա անցնում է ֆիզիոլոգիական նույն վիճակներով: Եվ այս դեպքումˋ գործող իրավական կարգավորումների համաձայնˋ հղի կնոջը կտրվի ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, որը կփաստի, որ 30 շաբաթականից մինչև 40 շաբաթականը կինը կունենա հղիության և ծննդաբերության արձակուրդ, ըստ այդմ էլ չաշխատող մայրերին ևս թույլ կտա ստանալ մայրության նպաստ: Իսկ մայրության նպաստը կհաշվարկվի այդ թերթիկով տրված օրերի թիվը: Այն էˋ 140 օր»,- նշեց նա:
Չաշխատող մայրը ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ստանալուց հետո, երբ արդեն ձեռք է բերում մայրության նպաստ ստանալու իրավունքը, իրացնելու համար նա պետք է ունենա նաև ծննդօգնության պետական հավաստագիր: Այս երկու փաստաթղթերը կարելի է ստանալ այն բուժհաստատությունից, որտեղ նա կդիմի նախածննդյան բժշկական օգնությունը ստանալու համար:
Օրենքի համաձայնˋ չաշխատող մայրերի մայրության նպաստը կհաշվարկվիˋ հիմք ընդունելով ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ստանալու առաջին օրվա դրությամբ երկրում սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը և այն արձակուրդի օրերի քանակը, որոնց իրավունքը ունի կինը: Ներկայում դա կազմում է 55 հազար ՀՀ դրամ: Քանի որ մոտ ապագայում նվազագույն աշխատավարձի մասին օրենքում փոփոխություն չի նախատեսվում, հետևաբարˋ 2016 թվականի հունվարի 1-ից չաշխատող մայրերը կստանան մոտ 126.600 ՀՀ դրամ: Թե աշխատող, թե չաշխատող մայրերը մայրության նպաստ կստանան միանվագ:
Մայրության նպաստի իրավունք ունի հղիության և ծննդաբերության իրավունք ունեցող ցանկացած քաղաքացի, ով գտնվում է համապատասխան ֆիզիոլոգիական վիճակում:
Նպաստից օգտվելու համար կինը պետք է նախ հաշվառված լինի պետական ռեգիստրում, այնուհետև պետք է համապատասխան դիմում ներկայացնի իր բնակության վայրի կենսաթոշակ նշանակող տարածքային բաժին, որտեղ պետք է ներկայացվի անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական ծառայությունների համարանիշը և ծննդօգնության պետական հավաստագիրը:
Անահիտ Գալստյանը տեղեկացրեց նաև, որ այժմ նախագծվում է մեկ այլ օրենքի նախագիծ, որի համաձայնˋ կկարգավորվեն երեխաների հետագա խնամքի հետ կապված հարցերը:
Ըստ նախնական հաշվարկներիˋ մոտ 30 հազար չաշխատող մայրիկ հաջորդ տարի կստանա մայրության նպաստ: Այս փոփոխությամբˋ 2016թ.-ի պետբյուջեի վրա շուրջ 4 մլրդ դրամի լրացուցիչ սոցիալական բեռ կավելանա: