տուն Լուրեր Չափազանցելու իրավունք չունի. ուսմասվարի պատասխանը՝ ուռուցք ունեցող աշակերտի մորը

Չափազանցելու իրավունք չունի. ուսմասվարի պատասխանը՝ ուռուցք ունեցող աշակերտի մորը

178
0

Թբիլիսյան խճուղի 35/1 հասցեում բնակվող միայնակ մայր  Լիլիթ Հարությունյանը սոցիալական ծանր վիճակում է:

Araratnews.am-ը բնակչուհուց տեղեկացավ, որ Լիլիթի որդին՝ 15-ամյա Արտակ Հարությունյանը, որը Երեւանի թիվ 16 հատուկ դպրոցի աշակերտ է, հիվանդության պատճառով երկար ժամանակ բացակայել է դասերից ու հիմա դպրոցից դուրս մնալու խնդրի առաջ է:

Մոր խոսքով՝  երեխայի ողների արանքում երեք ուռուցք կա, մեկն  էլ՝ ողնաշարի վրա, որի պատճառով երեխան դասերից  բացակայել է: Երեխան հաշմանդամության խումբ ունի, ստանում է 21.500 դրամ հաշմանդության թոշակ:

Լիլիթ Հարությունյանը  մինչեւ երեխայի ծնվելն ունեցել է  եւ այսօր էլ ունի  առողջական խնդիրներ, որոնց պատճառով անաշխատունակ է:  «Վերջերս գլխի ուժեղ պրիստուպներ եմ ունենում, արյանս տոկոսը ցածր է: Շաքարային դիաբետ էլ ունեմ»,- մանրամասնեց կինը:

Միայնակ մայրն ունի նաև սոցիալական խնդիրներ՝ բնակվում է վարձով, չի կարողանում աշխատել: «Նամակով դիմել եմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանին՝ կացարանի եւ նպաստի համար:  Սակայն այդքան էլ հույս չունեմ, որ նախարարությունը կաջակցի»,- անկեղծացավ մեր զրուցակիցը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության  հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք՝ Լիլիթ Հարութունյանի  նամակը ստացել են եւ ուսումնասիրում են:

Լիլիթ Հարությունյանին անհանգստացնում է երեխային դպրոցից հեռացնելու  վտանգը: «Երեխայի հիվանդության պատմությունն ունեն: Գիտեն՝ երեխան բացակայել է դասերից հիվանդության պատճառով: Հաշվի չեն առնում, որ երեխան չի կարողանում երկար նստել, միզում ու կեղտոտում է տակը: Սոված-ծարավ գնում-գալիս է  դպրոց»,- հուզված ասաց տիկին Հարությունյանը:

Արդյոք հնարավո՞ր է որեւէ կերպ չընդհատել երեխայի կրթությունը՝ հաշվի առնելով ընտանիքի սոցիալական վիճակը: Կապ հաստատեցինք  Երեւանի թիվ 16 դպրոցի ուսմասվար Կարինե Բադալյանի հետ: Ներկայացնում ենք ուսմասվարի հետ մեր զրույցը:

Տիկի՛ն Բադալյան, Արտակ Հարությունյանի առողջական ու սոցիալական վիճակը հաշվի առնելով՝ հնարավո՞ր չէր երեխայի  հանդեպ այլ վերաբերմունք դրսեւորել,  բացակաները հարգելի համարել: Ավելին՝ դպրոցը կամուրջ դառնար եւ փորձեր պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել այս ընտանիքի խնդրի վրա:

Կարո՞ղ ենք հանդիպել ձեզ հետ, դեմառդեմ խոսել:

Մենք ծնողի պարզաբանումը լսել ենք: Կցանկանայինք ձերն էլ լսել հեռախոսով:

Հիմա ծնողն ի՞նչ է ուզում:

Ծնողն  ընդունում է, որ իր երեխան բացակայել է, բայց հաշվի առնելով ընտանիքի սոցիալական վիճակը, ինչո՞ւ է դպրոցը երեխայի  հեռացման հարց դրել: Եթե դպրոցից երեխային հեռացնեն, երեխայի կրթությունը կիսատ  կմնա: 

Կա հրաման: Եթե երեխան 200 ժամ բացակայում է…

Հրամանին տեղյակ ենք: 

Եթե տեղյակ եք, հարցն ինչումն է:

Հարցը հետեւյալն է՝ երեխայի առողջական ու սոցիալական վիճակը տեսնելով՝ դպրոցի անձնակազմը չի՞ փորձել մեղմ վերաբերմունք դրսեւորել:

Ծնողին առաջարկել ենք տեղեկանք բերել բացակաների  համար: Եթե մենք դա չունենանք, չենք կարող նրա երեխայի բացական հարգելի դնել:

Նրա երեխայի խնդիրների մասին գիտեք: Գիտեք, որ ողնաշարում ուռուցք կա: Եթե հիվանդությունը կա,  երեխան էլ բուժվելու հնարավորություն չունի, տեղեկանք ամեն անգամ որտեղի՞ց բերի:

Հիմա ի՞նչն է խնդիրը: Ծնողը շատ իզուր է ձեզ դիմել:

Ինչո՞ւ: Դուք դպրոցի ուսմասվարն եք, ձեզ չի՞ անհանգստացնում՝ ձեր աշակերտը վատ, սոված վիճակում է գալիս դպրոց:

Շատ է անհանգստացնում:

Դե եթե անհագստացնում է, պետք է ուրախ լինեք, որ դիմել է մեզ, որպեսզի փորձենք այդ ընտանիքին օգնել:

Այդ հարցը լուծվել է: Նա իզուր է ձեզ դիմել:

Հիմա երեխային դպրոցից չե՞ք հեռացնելու, եթե անգամ 800 ժամ բացակայի հիվանդության պատճառով:

Ո՛չ, չենք հեռացնելու: Հեռացման մասին խոսք չի եղել:

Դպրոցը կարո՞ղ է  կամուրջ դառնալ եւ փորձել պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել այս ընտանիքի խնդրի վրա:

Լսեք, 40 տարի աշխատում եմ նման երեխաների հետ: Ոչ մի անգամ  չենք ունեցել նման դեպք, որ ծնողը  գնա… հետո ինչ-որ մեկը սովորեցնի մեզ՝ ինչպես աշխատենք: Երեխան այստեղ է: Կարող եմ հիմա երեխային  փոխանցել հեռախոսը: Դուք էլ հարցրեք՝ ինչ վերաբերմունք ենք ցույց տալիս նրան:

Ես նկատի ունեմ, որ երեխան առողջական խնդիրներ ունի

Դե, բոլոր երեխաներն էլ ունեն առողջական խնդիրներ: Երեխաներին հատուկ վերաբերմունք է ցույց տրվում: Ծնողը ձեզ շատ սխալ է բացատրել:

Ի՞նչն է շատ սխալ բացատրել: Ծնողն իրավունք չունի՞ իր երեխայի համար անհանգստանալու:

Ունի անհանգստանալու, բայց չափազանցելու իրավունք երբեք չունի:

Ի՞նչն է չափազանցրել:

Մենք ծնողի հետ ուրիշ բան ենք խոսել, նա ձեզ ուրիշ բան է ասել:

Ի՞նչ եք ասել:

Մենք ասել ենք՝ երեխային կարողացեք տնից հասցնել դպրոց:

Բայց եթե ծնողն աշխատանք չունի, սոցիալական խնդիրներ ունի, ինչպե՞ս  կարող է երեխային դպրոց հասցնել: 

Բա ո՞նց անենք, մենք գնանք տա՞նը սովորեցնենք:

Լուծումը դուք ասեք:

Այդ հարցը վաղուց լուծված է, անտեղի եք անհանգստանում:

Ինչպե՞ս է լուծված:

Դրական առումով: Մենք երեխայի ոչ մի շահ չենք ոտնահարում:

Կապ հաստատեցինք նաև ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի հետ, որը  հորդորեց ծնողին գրավոր դիմել նախարարություն, որպեսզի խնդրին ընթացք տան:

Սոնա Դավթյան

 

 

Սոնա Դավթան