Ոչ մի տեսակի բուժում չի օգնի, եթե օրգանիզմում թույներ կան: Իսկ օրգանիզմի թույների դեմ բնական պաշտպանական ունակության համար պետք է թարմ միրգ ու բանջարեղեն, բջջանքով հարուստ ու իհարկե, օրգանիզմի ջրային հավասարակշռությունը պաշտպանող ու վերականգնող մթերքներ օգտագործել:
Օրգանիզմը մաքրելու դեղորայքային ու բնական միջոցները քիչ չեն: Լյարդը մաքրելու համար, օրինակ, հարմար է չամիչը, որը ինուլին է պարունակում: Այս նյութը խթանում է երիկամների աշխատանքը՝ նպաստելով աղիքներից վնասակար նյութերի դուրսբերմանը: Դա էլ թեթևացնում է լյարդի աշխատանքը: Բացի այդ, չամիչի օգնությամբ հնարավոր է թուլացնել լյարդի ծորանները: Դրա համար օգտագործում են թե՛ չամիչը և թե՛ դրա թուրմը: Օգնում է նաև դիետիկ սնուցման նպատակով տարբեր ուտեստներում չամիչի գործածումը:
Լյարդի առողջության համար պետք է ուրբաթ առավոտյան մի բուռ չամիչ լավ լվանալ, ապա եռման ջրով ցողել ու լցնել բաժակի մեջ, վրան՝ բերնեբերան ջուր ավելացնել և թրմել սենյակային ջերմաստիճանում, մեկ օր: Հաջորդ առավոտյան այդ չամիչն արդեն կարելի է ուտել, ջուրն էլ՝ խմել, ապա պառկել 1,5-2 ժամ՝ աջ կողատակին տաք ջեռակ դրած: Նման պրոցեդուրա պետք է կատարել 4 շաբաթ օր՝ առանց ընդմիջելու:
Սա լյարդը մաքրելու ժողովրդական անցավ մեթոդներից մեկն է. օգնում է մաքրելու լյարդի ծորաններն ու բարելավում լեղապարկից լեղու հոսքը:
Չամիչը հարուստ է կալիումով. 100 գ-ում 860 մգ կալիում կա: Բացի դրանից չամիչը հարուստ է ֆոսֆորով, նատրիումով, մագնեզիումով, երկաթով, ինչպես նաև՝ B1, B2, В5, PP վիտամիններով:
Ի դեպ, մուգ գույնի չամիչն ավելի օգտակար է համարվում, պարունակում է հակաօքսիդանտներ, ստոմատոլոգիական հիվանդությունների պատճառ հանդիսացող մանրէների աճն է ճնշում: Այլ կերպ՝ հատկապե մուգ գույնի չամիչն օգտակար է ատամների ու լնդերի համար:
Սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում հատկապես առաջարկվում է չամիչ գործածել: Չամիչն ամրացնում է թոքերը, նյարդային համակարգը , ճնշում է զայրույթն ու հանգստացնում նյարդերը: Օգնում է դեղնախտի դեպքում:
Կորիզով չամիչն օգտակար է դիզենտերիայի, իսկ անկորիզ տեսակները՝ երիկամների ու միզապարկի հիվանդությունների դեպքում: