«Զանգակ» հրատարակչությունը ամեն ինչ անում է, որ հայ երիտասարդների ձեռքին լինեն արտասահմանյան լավագույն վեպերը հայերեն թարգմանությամբ, այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը: «Մենք հիմա սերտ համագործակցում ենք մի քանի թարգմանիչների հետ միաժամանակ, որ ավելի շատ հայերեն թարգմանված արտասահմանյան գրքեր լինեն մեր գրապահարաններում: Ինչպես նաև մեր հրատարակչությունը Գերմանիայում ամենամյա Ֆրանկֆուրտի միջազգային տոնավաճառին է մասնակցում, թվով 13-րդ անգամ: Սա շատ մեծ նշանակություն ունի հրատարակչական աշխարհում: Այսպիսի հանդիպումների ժամանակ են բանակցվում հեղինակային իրավունքների մասին, որոնց արդյունքում ստեղծվում են թարգմանված հրաշալի գրքերը: Բերնհարդ Շլինքի «Ընթերցողը» վեպի թարգմանության թույլտվություն ստանալը այդպիսի հանդիպումների արդյունք է»:
Araratnews-ի այն հարցին, թե ինչո՞ւ է 20 տարի հնություն ունեցող Բերնհարդ Շլինքի «Ընթերցողը» միայն այժմ թարգմանվում հայերեն, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը պատասխանեց, որ դա տեղեկատվության պակասից է: «Մենք հիմա պարփակված վիճակում ենք, ու հաղորդ չենք այլ երկրների գրողների ու երկերի հետ: Մենք գրականությունը ավելի վատ վիճակում է հիմա, քան կոմունիզմի ցենզուրայի ժամանակահատվածում: Եվրոպայի հետ կապի մասին չեմ էլ ասում, չգիտենք թե ովքեր են ժամանակակից գրողները: Ինչի մասին է խոսքը, երբ հայ հասարակությունը անգամ մեր՝ հայ ժամանակակից գրողներին, ծանոթ չի»:
«Զանգակ» հրատարակչության միջազգային կապերի պատասխանատու Արթուր Մեսրոպյանը հայտնեց, թե ինչ սկզբունքով են ընտրվում այն գրքերը, որոնք թարգմանվում են հայերեն: «Մենք միշտ փորձում ենք գտնել այնպիսի գործեր, որոնք թե մոդեռն են, թե ժամանակակից, բայց միևնույն ժամանակ հետաքրքրություն են ներկայացնելու մի քանի տասնամյակ հետո: Գաղտնիք չեմ ասի, եթե նշեմ, որ թարգմանված գրքերը լեզվի զարգացման համար մեծ նշանակություն ունեն»:
Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ «Զանգակ» հրատարակչությունը ունի մի քանի հրատարակվող գրքեր, որոնցից ամենահատկանշականը Կոմիտասի վերաբերյալ ֆունդամենտալ աշխատությունն է՝ Արթուր Շահնազարյանի հեղինակությամբ, հայտնեց Էմին Մկրտչյանը: «Տարիներ առաջ հրատարակվեց Անտոնիա Արսլանի համաշխարհային ճանաչում ունեցող «Արտույտների ագարակը» և «Զմյուռնիայի ճանապարհը»: Այս տարի կլինի շարքի երրորդ գիրքը՝ նվիրված Ցեղասպանությանը՝ «Մշո գիրքը», որը Մշո Ճառընտիր գրքի փրկության մասին պատմություն է»: