Հայաստանի հանրապետական կուսակցությունում դեռ չի քննարկվել՝ ո՞ր քաղաքական ուժերի հետ են անցկացնելու «այո»-ի քարոզարշավը: Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Հրամանագիրը նոր է ստորագրել, դեռ քննարկումներ չենք ունեցել, հենց որոշենք՝ տեղյակ կպահենք»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Անդրադարձավ նաեւ Դաշնակցության եւ ՕԵԿ-ի այն հայտարարություններին, որ իրենք 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին մեծամասնություն են լինելու. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ, բնականաբար, ձգտում է մեծամասնության, ողջունում ենք Դաշնակցության եւ ՕԵԿ-ի լավատեսությունը: Հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին լինել լավատես: Եթե մարդիկ գնահատում են իրենց ռեսուրսները, ուժերը՝ ՀՀԿ-ն դա միայն ողջունում է»:
Անդրադառնալով սահամադրական փոփոխությունների շուրջ քաղաքական կոնսոլիդացիայի ձևավորմանը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց՝ քաղաքական կոնսոլիդացիան ձևավորված է:
Դիտարկմանը, թե Լևոն Զուրաբյանը պնդում է ճիշտ հակառակը, պատասխանեց. «Բա՜, իհարկե, տեսնո՞ւմ եք՝ ինչ լավ է, չեք ասում՝ քաղաքական ուժերը, ասում եք՝ Լևոնը, Ջհանգիրը, Սասունը պնդում են: Ես էլ կրկնում եմ՝ բնական է, որ առանձին մարդիկ պետք է ինչ-որ ճակատ ձևավորեն, չկա այնպիսի փաստաթուղթ, որին բոլորը կողմ լինեն»:
Ինչ վերաբերում է Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին, իսկ փաստերն էլ կներկայացվեն, Վահրամ Բաղդասարյանը, նշեց. «Լևոնին Լենին պապիկ եք դարձնում եւ ուզում եք՝ ես սևեռվեմ անձի վրա, շանտաժներին պատասխան չեմ տալիս: Ցավում եմ, որ անձեռնմխելիության ինստիտուտը մտած է, եւ պատգամավորը կարող է անտեղի մեղադրանքներ առաջադրել նման ճանաչված կառույցների՝մնալով անպատիժ»: