1996-2001 և 2005-2010 թվականներին Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն ուկրաինական «День» թերթում հրապարակել է Գյումրիում տեղի ունեցած վերջին դեպքերի մասին իր հոդվածը «Заберу твою боль» վերտառությամբ:
«Այն շոկը, որն ապրեց հայ հասարակությունը, շուտով վերածվեց զայրույթի, ինչին հետևեցին Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի և 102-րդ ռուսական բազայի մոտ տեղի ունեցած զանգվածային ելույթները: Մարդկանց մեջ կասկած կար, որ հանցագործության հեղինակին կարող են գաղտնի կերպով տեղափոխել: Նման հակազդեցության պատրաստ չէին ո՛չ հայկական և ո՛չ ռուսական իշխանությունները: Հայաստանում Ռուսաստանի դեսպանության և 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները հնչեցրած ցավակցական հայտարարությունները հայերին արհեստական և ֆորմալ թվացին:
Էմոցիաներն է´լ ավելի էին թեժանում, երբ որոշ անձինք փորձում էին կատարվածը որպես կենցաղային հանցագործություն ներկայացնել: Հայերի համար ընտանիքը պետություն է պետության ներսում, և Պերմյակովը ձեռք էր բարձրացրել պետության վրա:
Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեն ռազմական և տնտեսական սերտ կապեր, և շատ դեպքերում հայկական կողմը չի ցանկացել նեղացնել «մեծ եղբորը»: Սակայն հայերը «փոքր եղբոր» բարդույթը հաղթահարելով՝ դուրս եկան փողոց, որտեղ ընդհարումներ տեղի ունեցան ցուցարարների և իրավապահների միջև:
Ի միջայլոց, անկարգությունների մեջ որոշ վերլուծաբաններ փորձ էին անում բացահայտել եթե ոչ արևմտյան, ապա ուկրաինական ձեռագիր:
Գյումրիում տեղի ունեցած սպանդը կարելի է համեմատել միայն 1988 թվականի երկրաշարժի հետ:
Մեզ՝ ուկրաինացիներիս, ովքեր Ղրիմում և Դոնբասում տեսնում են ռուսական «բարեկամության» իսկական արժեքը, մնում է միայն հայտնել մեր ցակակցությունները և ասել՝ ցավդ տանեմ, Հայաստան»: