Մազաթափությունը (հատկապես տղամարդկանց մոտ) ֆիզիոլոգիական պրոցես է, եթե անգամ այն սկսվել է հարաբերական վաղ` պատանության տարիներին; Ընդ որում, սկզբում դիտվում է մազածածկույթի հավասարաչափ նոսրացում ճակատային կամ էլ գագաթի հատվածում, ինչը հետագայում հանգեցնում է ճաղատացման: Երևույթի յուրաքանչյուր արտահայտության դեպքում հարկ է նախ ուշադրություն դարձնել ժառանգականության գործոնին, վատ սովորույթների հակմանը, մաշկի առանձնահատկությանը (չոր, թեփոտ մաշկը նպաստում է մազաթափությանը): Այլ դեպք է, երբ մազաթափություն է նկատվում օջախային ձևով. մազերից լերկ ոչ մեծ չափերի հատվածներ են առաջանում, որոնք միաձուլվելու հակում ունեն: Չնայած թորշոմ տեսքին, մազաթափ մաշկը փայլում է: Դա ալոպեցիայի ախտանշան է` խնդիր, որի պատճառները մինչև վերջ ուսումնասիրված չեն: Ակնհայտ է, որ այս հիվանդության զարգացմանը նպաստում են մազարմատների սնուցման խանգարումները, չի բացառվում, որ դրա պատճառը վարակը լինի: Ալոպեցիայի բարդ դեպքերում նման օջախներ կարող են հայտնվել նաև մարմնի մազածածկ այլ հատվածներում.տղամարդկանց մոտ` նաև դեմքի, ունքերի, ինչպես նաև անութափոսերի մազածածկույթի հատվածում: