տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Ստոմատիտ կամ բերանաբորբ

Բժշկի անկյուն. Ստոմատիտ կամ բերանաբորբ

537
0

stomatit

Ստոմատիտներ են կոչվում բերանի խոռոչի  լորձաթաղանթի տարբեր ծագման ու դրսևորման բորբոքային հիվանդությունները: Այլ կերպ` բերանի խոռոչի լորձաթաղանթի բոլոր հիվանդություններն ունեն մեկ ընդհանուր անվանում` ստոմատիտ, սակայն, եթե ախտահարվում է ոչ թե ամբողջ խոռոչն այլ  ասենք, լեզվի, շուրթերի կամ էլ քիմքի որոշ հատվածներ, ապա այդ դեպքում խոսքը գլոսիտի, հեյլիտի ու պալանտինիտի մասին է:

Ստոմատիտը կարող է ինքնուրույն հիվանդություն լինել, կամ էլ այլ հիվանդությունների հետևանք, ինչպիսիք են` գրիպն ու կարմրուկը: Բերանաբորբով հաճախ հիվանդանում են երեխաները:

Չնայած ստոմատիտը հաճախ հանդիպող հիվանդություններից է, այնուամենայնիվ, ախտորոշումն այնքան էլ դյուրին չէ: Բանն այն , որ նման դրսևորումներ լինում են ոչ միայն բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների դեպքում, այլև  տարբեր` տեղային կամ էլ ընդհանուր գործոնների ազդեցությամբ, ինչպես ասենք` ստամոքս-աղիքային, տրակտի, սիրտ-անոթային համակարգի, իմունիտետի թուլացման, ալերգիկ ռեակցիաների, նյութափոխանակության խանգարումներն են:

Տեղայինի դեպքում գործ ունենք անմիջական վնասվածքի ` քիմիական, ջերմային, ճառագայթային ազդեցության հետ, որի հետևանքով լորձաթաղանթի վրա առաջանում է  խոց ու վերք:

Երբեմն ստոմատիտներ են առաջանում ատամնաբուժական խնդիրների` բերանի խոռոչի սխալ հիգիենայի, ատամնանստվածքի, ատամի քայքայման, բերանի դիսբակտերիոզի հետևանքով: Քիչ չեն դեպքերը, երբ բերանաբորբեր են առաջանում անմիջապես ատամնուբուժական գործընթացի ժամանակ. միկրովնասվածքների, պրոթեզավորման, քիմիական նյութերի պատճառով:

Ստոմատիտով հիվանդանում է բնակչության 20%-ը:  Դրա վարակիչ լինելու վերաբերյալ ոչ մի վկայություն չկա:

Կանխարգելումը

Քանի որ ստոմատիտը կարող է նաև բերանի հյուսվածքների վնասման հետևանքով առաջանալ, ուստի, պետք է զգուշանալ, երբ ջարդված ատամներ, կոպիտ կամ էլ փշրված  ատամնալիցք  ունեք բերանում: Այս ամենը ահազանգում է` պետք է ատամնաբույժի մոտ գնալ անհապաղ: Եթե ատամնապրոթեզը սուր, ծակող կամ էլ կոպիտ եզրեր ունի, եթե ատամներն ուղղող սարք է տեղադրված (բրեկետ), ապա  բոլոր անհանգստացնող, անհարթ եզրերը պետք է շտկել: Ատամները  թելով, խոզանակով պետք է  զգուշությամբ մաքրել:

Որպես ստոմատիտի կանխարգելիչ միջոց պետք է ամեն օր մաքրել ատամները:  Իսկ եթե փաստի առջև եք կանգնել, ապա բժիշկը պետք է նախ` պարզի ստոմատիտի պատճառը: Ու եթե  բոլոր տեսանելի խնդիրները վերացվել են,   և այդուհանդերձ ստոմատիտ կա, ապա պետք է  հայտնաբերվի օրգանիզմի այն  հիվանդությունը, որի հետևանքով ստոմատիտ է առաջացել ու բուժվի: Դրանով պետք է զբաղվի միմիայն համապատասխան բժշկը:

Բերանաբորբի ժամանակ  պետք է  խուսափել  կծու, աղի կամ էլ թթու սննդից, այն պետք է լինի չեզոք թթվայնության ու չգրգռի բերանի լորձաթաղանթը, վիտամիններով հարուստ լինի, որ  նպաստի ստոմատիտի բուժման ընթացքին: