Նոր տարին ամենաուրախ ու հուզիչ տոներից է, որը սակայն երբեմն առողջության համար վերածվում է լուրջ փորձության. թունավորում, հրավառ նյութերից այրվածքներ. Մի խոսքով, այս ու այնտեղ դարանակալած վտանգներ, որոնց հետևանքներից կարելի է խուսափել: Դրա համար պետք է հիշել որոշ մանրուքներ, ինչպես ասենք`
-որոշ աղցաններ փորլուծ են առաջացնում, իսկ կարտոֆիլով, մարինացված վարունգով, մայնեզով աղցաններն արագ են փչանում, եթե հատկապես սեղանին երկար են մնում: Եթե այն սեղանին 6 ժամ է «անցկացրել», ապա արդեն պիտանի չէ օգտագործման համար: Իսկ 10 ժամի դեպքում վերածվում է ռումբի, որը ստամոքսում կտրտող ցավի ու թունավորման պատճառ կարող է դառնալ:
Շատ վտանգավոր է մարինացված վարունգի ու մայոնեզի համադրությունը: Եթե անգամ այդ աղցանը դեռևս պիտանի է ուտելու համար, միևնույն է, այն անհարմարության զգացում կառաջացնի, եթե գաստրիտ կամ էլ խոց ունեք:
Սեղանների ավանդական «Օլիվյե» և «Շուբա» աղցանները կարելի է փոխարինել մայոնեզի փոխարեն ձիթայուղով, ցածր յուղայնության թթվասերով, կիտրոնահյութով ցողված ավելի օգտակար աղցանատեսակներով:
Սպիրտային խմիչքը մասամբ չեզոքացնում է ախտահարույց մանրէների թունավոր ազդեցությունը` հակաբորբոքայինի դեր կատարելով: Դա է պատճառը, որ առատ սեղանից հետո սպիրտային խմիչք գործածած մարդկանց մոտ փորլուծ ավելի հազվադեպ է լինում:
Սակայն, թունդ խմիչքները ոչ միայն ախտահարույց մանրէներն են սպանում, այլև աղիքների միկրոֆլորան, ինչն էլ հանգեցնում է մարսողական խանգարումների ու գազառաջացման:
Համարյա բոլոր սպիրտային խմիչքները բարձրկալորիական են ու իրար հետ վատ համադրվող: Հատկապես վտանգավոր է ալկոհոլը գազավորվածի հետ խառնելը, ինչպես նաև տարբեր թնդության խմիչքներն իրար հետևից գործածելը: Նման փորձարարությունը նույնպես կարող է հիվանդասենյակով ավարտվել:
Տոնական սեղանի զարդ ու հարստություն համարվող տապակած միսը, փռի բադը, բուդը միշտ էլ ախորժելի տեսք են ունենում, սակայն լյարդի, լեղապարկի ու ստամոքսի համար մի ծանր բեռի են վերածվում:
Դրա համար, օրինակ, հնդկահավի միսը պետք է փուռը դնել բանջարեղենով լցոնած: Յուղոտ միսը միայն թարմ կամ էլ շոգեխաշած բանջարեղենային խավարտով մատուցել:
Կեքսը, կարկանդակը, բեզեն մեծ քանակությամբ շաքար են պարունակում ու բարձր յուղայնություն ունեն:
Դրա փոխարեն առաջարկվում է բիսկվիտային կամ էլ շերտավոր խմորից պատրաստված հրուշակեղեն օգտագործել, քանի որ մեկուկես անգամ նվազ է կալորիականությամբ ու յուղայնությամբ:
Այս ամենի հետ հիշեք նաև, որ Ամանորի սեղանը ավելորդ քաշի վտանգով է հղի: Սովորաբար այդ մի քանի օրվա կերուխումը ավելորդ կգ-ների տեսքով անհանգստացնում է երկար ժամանակ: Մի քանի օրում «ձեռքբերածից» ազատվելու համար երբեմն ամիսներ են պահանջվում:
Առողջ եղեք