Սա տարածված հիվանդություն է, որի նախանշաններից է սնունդ ընդունելուց հետո բերանում դառը համի զգացողությունը, հաճախ էլ` ծանրության զգացումը աջ կողատակին: Մարդկանց մեծամասնությունը հիվանդության նախնական փուլում ի հայտ եկած նախանշաններին ուշադրություն չի դարձնում, ինչը հղի է լուրջ հետևանքներով:
Բժիշկների խոսքով` լեղաքարային հիվանդությանը բնորոշ է լեղապարկում քարերի առաջացումը: Դրանք վատ հետևանք են թողնում լեղապարկի վրա:
Հիվանդության առաջացման պատճառները
— Ուսումնասիրություններով պարզվել է, որ հիվանդությունը հաճախ է հանդիպում հղի կանանց մոտ: Բանն այն է, որ ապագա մայրիկի էսթրիոլը(կանացի հորմոն) կարող է քարառաջացման առիթ դառնալ:
— Հակաբեղմնավորիչ հաբերը նույնպես կարող են հանգեցնել լեղաքարային հիվանդության: Ուստի դեղահաբերն օգտագործելուց առաջ պետք է բժշկի հետ խորհրդակցել:
— Ավելորդ քաշով մարդիկ նույնպես ռիսկային խմբում են, չէ՞ որ արյան մեջ խոլեստերինի ավելցուկը նպաստում է լեղապարկում քարերի առաջացմանը: Նպաստող հանգամանքներ են ինչպս անկանոն, այնպես էլ թերսնումը: Սա հատկապես վերաբերում է նրանց, ովքեր անընդհատ սննդակարգերի են հետևում:
— Նստակյաց կյանքը նույնպես լուրջ պատճառ է:
Լեղապարկում քարերի առաջացումն անմիջապես չեք զգա: Սակայն եթե փոքր-ինչ կասկած ունեք, դիմեք բժշկի, քանի որ այն զարգանում է աստիճանաբար, քայլ առ քայլ: Բժիշկն ուլտրաձայնային հետազոտությամբ (անցավ է) կպարզի քարերի առկայությունը: Կանխարգելման նպատակով ավելորդ չէ, ասենք, սննդակարգից հեռացնել յուղոտ, խոլեստերինով հարուստ մթերքները, դրանցից են կաթնամթերքը, յուղոտ ու տապակած ուտելիքները, օսլան ու ձուն:
Նոպայի ժամանակ ցավերը մեղմելու համար կարելի է տաքացնող թրջոց դնել: Դրա համար հարկավոր է մի ճաշի գդալ քաֆուրը (կամֆորա) տաքացնել, դրա մեջ մի ոչ մեծ լաթ թաթախել ու դնել լեղապարկի ուղղությամբ: Ցավը մի քանի րոպեից կթուլանա: Սակայն այս դեպքում ևս հարկավոր է դիմել բժշկի ու հետևել նրա բոլոր ցուցումներին: Թանկարժեք դեղորայքը միշտ չէ, որ արդյունավետ է: Երբեմն առաջարկվում է վիրաբուժական միջամտություն: Լեղապարկը հեռացնելուց հետո մարդը շատ շուտ է վերականգնվում:
Իսկ լավագույն միջոցը, ինչպես և շատ ու շատ հիվանդությունների դեպքում, առողջ սնունդն ու կենսակերպն է: