Կլիմաքսը կամ դաշտանադադարը կնոջ օրգանիզմում կատարվող ֆիզիոլոգիական գործընթաց է, որը համընկնում է իգական սեռական հորմոնների ակտիվության նվազման հետ: Այսինքն` նվազում է ձվարանների ֆունկցիան, որը միանգամից չի սկսվում.ոմանց մոտ այն կարող է նույնիսկ տարիներ տևել:
Արևմուտքի մաասնագետների ուսումնասիրությունների համաձայն, հիմնականում դաշտանադադարը համընկնում է 51,4 տարեկան հասակի հետ:
Դրանից առաջ հնարավոր է խանգարումներ առաջանան. մակընթացություններն ու առատ քրտնարտադրությունը շատերին ծանոթ տհաճություններ են: Մասնագետների հետազոտության համաձայն, նման երևույթներ ունենում է կլիմաքսի տարիքում գտնվող կանանց 85%-ը: Նշված ախտանշաններն ուղեկցվում են բարձրագույն նյարդային համակարգում էական խանգարումներով: Հետագայում ավելի լուրջ խնդիրներ են ի հայտ գալիս իգական սեռական հորմոնների նվազման հետ կապված: Մաշկի ձևափոխություն է առաջանում (սպիացումը դանդաղում է,մաշկը` թոշնում), ինչպես նաև հեշտոցի լորձաթաղանթում խնդիրներ են ի հայտ գալիս. չորություն և քոր, չեն բացառվում միզասեռական օրգանների վարակները: Իսկ շատերի մոտ էլ ակամա միզարձակում է կատարվում: Եվ վերջապես, հստակ կապ է նկատվում դաշտանադադարի ու օսթեոպորոզի զարգացման միջև (ոսկրանյութի խտության նոսրացում, ինչը հանգեցնում է ոսկրացավի, մեծանում են կոտրվածքներ ստանալու,ինչպես նաև` Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկերը: Չեն բացառվում սիրտ-անոթային հիվանդությունները, աթերոսկլերոզը, արյան բարձր ճնշումն ու նաև հաստաղիքի քաղցկեղի վտանգը:
Սակայն, ասվածն ամենևին էլ չի նշանակում, որ կնոջ կյանքը դաշտանադադարի հետ վերածվում է մի մեծ խնդրի: Իրականում, գրագետ բուժումը կօգնի այս երևույթների հետևանքները նվազագույնի հասցնել: Մասնագետները նման դեպքերում, առաջարկում են հորմոնաթերապիա կիրառել: Այդ նպատակով գերազանցապես էսթրոգեններ կամ էլ դրանց փոխարինիչներով ու մյուս հորմոնների համադրութամբ միջոցներ են առաջարկվում: Ճիշտ ընտրված միջոցը կօգնի վերականգնելու արյան մեջ հորմոնների բավարար մակարդակն ու դրանով իսկ խոչընդոտել կլիմաքսին հետևող տհաճ ախտանշնների առաջացմանը: