Կիվին հաճելի համով, ծարավը հագեցնող էկզոտիկ միրգ է, որն այսօր արդեն մեր սեղաններին իր արժանի տեղն է զբաղեցնում: Իսկ ինչ գիտենք կիվիի օգտակարության մասին:
Կիվին հարուստ է վիտամինային տարրերով, նիկոտինաթթվով, մեծ քանակությամբ ասկորբինաթթվով(ավելի, քան ցիտրուսների կամ էլ բուլղարական տաքդեղի մեջ է), տոկոֆերոլով (անհրաժեշտ է ավելորդ քաշի դեմ պայքարելու համար), ֆոլաթթվով ու պիրիդօքսինով, որոնք ծայրահեղ անհրաժեշտ են ինչպես ապագա, այնպես էլ կերակրող մայրերին, երեխաներին ու տարեցներին: Հարուստ է նաև կալիումով, կալցիումով ու ֆոսֆորով, որոշ քանակությամբ երկաթով, ցինկով,յոդով ու մանգանաթթվով:
Կիվին ակտինիդին ֆերմենտ է պարունակում, որը սպիտակուցները տրոհելու, արյան մակարդելիությունը կարգավորելու հատկություն ունի ու նաև մարսողական համակարգի վրա դրական ազդեցություն կարող է ունենալ:
Քանի որ կիվին հարուստ է ասկորբինաթթվով, ուստի գերազանց է մրսածության հետևանքով առաջացող հիվանդությունների կանխարգելման, վարակիչ հիվանդությունների ու օրգանիզմի պաշտպանական ուժերն ակտիվացնելու համար:
Կիվիի կանոնավոր գործածումը օրգանիզմը մաքրում է «վատ» խոլեստերինից, չեզոքացնում է նիտրատների բացասական ազդեցությունը: Նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ու զարգացման հավանականությունը, օգնում նյութափոխանակությանը: Սակայն, կիվին նախընտրելի է վայելել ուտելուց հետո, քանի որ ստամոքսի շրջանում ծանրության զգացումն է վերացնում ու նվազեցնում այրոցքի հավանականությունը։
Կիվիի բաղադրության հանքանյութերն օգնում են կանխելու արյան բարձր ճնշումն ու սրտային անբավարարությունը: Հրաշալի ամրացնում է անոթների պատերը՝ նվազեցնելով աթերոկլերոզի ու թրոմբառաջացման (արյան մակարդուկներ) հավանականությունը:
Կիվի է առաջարկվում մարզիկներին, որպես բնական խթանիչ ու մարզումներից հետո էներգիան վերականգնելու աղբյուր:
Բացի այդ, կիվին օրգանիզմն աղերից մաքրելու միջոց է. չէ՞ որ այդ հատկության շնորհիվ կարելի է կանխել աղերի նստեցման ու հետագայում արդեն երիկամներում քարառաջացման պրոցեսը:
Կիվին դիետիկ մթերք է համարվում. առաջարկվում է նաև ավելորդ քաշ ունեցողներին,հետևաբար և գիրանալու հակում ունեցողներին: Մի հետաքրքիր հատկությամբ էլ է օժտված այս հրաշք միրգը.որոշ մասնագետներ վստահեցնում են, որ կիվին կանխում է վաղաժամ ալեհերությունը ու բացի այդ մազերին բնական փայլ է հաղորդում:
Եվ այնուամենայնիվ, բազում պլյուսների հետ պետք է նշել, որ ս էկզոտիկ միրգ է ու չի բացառվում, որ ալերգիայի պատճառ դառնա: Կնշանակի՝ պետք է զգուշանալ, եթե ալերգիա կամ էլ մարսողական տրակտի ինչ-որ խնդիր ունեք:
Ինչ վերաբերում է երեխաներին, ապա պետք է նրանց բաժնի մեջ կիվին աստիճանաբար մտցնել, ուշադրություն դարձնելով երեխայի ռեակցիային: