Հիպերխոլեստերինեմիան հիվանդություն չէ, այլ աթերոսկլերոզի զարգացման ռիսկի գործոն: Այս եզրույթով է նշվում արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը: Ընդհանրապես, խոլեստերինը օրգանիզմին պետք է մի շարք կարևոր պրոցեսների համար: Խոլեստերինի հիման վրա են սինթեզվում սեռական, ինչպես նաև մակերիկամների հորմոնները (կորտիկոստերոիդները): Խոլեստերինից քիմիական ռեակցիայի արդյունքում լյարդում լեղաթթուներ են գոյանում, առանց որոնց նորմալ մարսողություն չի կարող կատարվել. դրանք ակտիվացնում են սննդային ճարպերը քայքայող ենթաստամոքսագեղձի ֆերմենտները: Խոլեստերինը բջջի թաղանթի մաս է կազմում: Սակայն, արյան մեջ խոլեստերինի ավելցուկը կարող է հանգեցնել աթերոսկլերոզային թերթիկների գոյացման: Ուստի, դրա համար պետք է հետևել ու կարգավորել խոլեստերինի մակարդակը, ինչը հնարավոր է սննդակարգում նվազեցնելով կենդանական ծագման ճարպի քանակն ու համապատասխամ դեղամիջոցներ ընդունելով: