Ինչով է վտանգավոր հեմոգլոբինի ցածր մակարդակը: Նորմայից ցածր մակարդակը հանգեցնում է հյուսվածքներում ու օրգաններում թթվածնային անբավարարության, ինչից առաջին հերթին, տուժում են ուղեղն ու երիկամները: Միշտ էլ այն կարծիքն է եղել, որ երկաթն օգնում է հեմոգլոբինի մակարդակը բարձրացնելուն ու դրա համար էլ խորհուրդ են տալիս սնդաբաժնում ներառել հնդկացորեն, խնձոր ու նուռ: Սակայն վերջին շրջանում այն կարծիքը կա, որ հեմոգլոբինի ստեղծման համար մեր օրգանիզմը երկաթ պարունակող կենդանական սպիտակուցների կարիք է զգում, քանի որ դա ավելի հեշտ է յուրացվում: Հատկապես այդ իմաստով օգտակար է կարմիր միսը (տավարինը): Ասվածից չի հետևում, որ պետք է միսը փոխարինի հեմեգլոբինը բարձրացնղ բուսական մթերքներին: Սակայն, ամեն ինչ պետք է չափավոր լինի: Որոշ ստամոքսա-աղիքային տրակտի հիվանդությունների դեպքում երկաթն ընդհանրապես չի ներծծվում արյան մեջ, եթե անգամ տոննաներով մթերք ընդունվի։ Դրա համար պետք է մասնագետն անալիզների հիման վրա հեմոգլոբինի անբավարար մակարդակի իրական պատճառը որոշի ու համապատասխան միջոցներ նշանակի: Սակայն կան մթերքներ, որոնք ճիշտ կլինի ներառել սննդաբաժնում, եթե հատկապես նման խնդիր կա:
-Արդեն ասվեց, որ լավ արդյունք է տալիս կենդանական ծագման մթերքների օգտագործումը. միս, լյարդ, սերուցք, կարագ, կաթ, որը սակայն պետք է խմել ոչ թե միանգամից, այլ փոքր կումերով:
-Մի մոռացեք ընկույզի, ազնվամորու, ելակի ու խաղողի, սխտորի, բանանի, նռան ու ցորենի ձավարի մասին:
— Լավ արդյունք է տալիս բազուկը, սակայն ոչ մեկանգամյա օգտագործման դեպքում, այլ կանոնավոր` 2-4 ամիս տևողությամբ. Դրա համար կարելի է կամ 30 գ բազուկ հյութ խմել օրական, կամ էլ 100-150 գ խաշած բանջարեղեն ուտել, օգտակար են նաև աղցանային տարբերակները:
— Ձմերուկն ու սեխը (իհարկե սեզոնին): Ի դեպ, առաջարկվում է ուտել առանց սահմանափակման, կարևորը` դրանց ճիշտ ընտրությունն է, հնարավորության դեպքում`առանց նիտրատների:
— Անխոս, այս ցուցակում պետք է ներառել նաև խնձորը, որը կարելի է ու պետք է ուտել ամեն օր, ամեն անգամ` երբ ցանկություն ու հնարավորություն լինի (օրական առնվազն` 0,5 կգ): Խնձոր ուտելուց հետո ցանկալի է մեկուկես ժամ թեյ չխմել (խոչընդոտում է երկաթի յուրացումը):
-Մատչելի միջոց է մասուրի եփուկը: Դրա համար պետք է պարզապես 0,5 ճ.գդալ հումքի վրա մեկ բաժակ եռման ջուր լցնել ու խմել 0,5-1 բաժակ` օրական:
— Թթվասերը գազարի հետ, արդեն իսկ աղցան է ստացվում, որը նաև երեխաներն են սիրում: Սակայն էլ ավելի օգտակար է օրական 3 անգամ մինչև ուտելը գազարի 100-150 մլ հյութի գործածումը:
— Շուտով նաև եղինջ կհայտնվի շուկայում, որից կարելի է ապուր պատրաստել կամ էլ աղցանի մեջ ավելացնել: Կարելի է պարզապես եղինջի թրմուկը գործածել. դրա համար մեկ թեյի գդալ հումքի վրա (թարմ կամ չորացրած) պետք է եռման ջուր լցնել ու թրմել կես ժամ, խմել օրական 3-4 անգամ` 1 ճ գդալ:
— Հունական ընկույզ. լավ արդյունք ստանալու համար պետք է օրական առնվազն 100 գ ընկույզ ուտել` բնական մեղրի հետ խառնած(օրական 3-4 գդալ):