Այս 2 հիվանդությունները մեկ հիմնական ախտանշան ունեն` հազը, որը կարող է լինել չոր (այսինքն` առանց խորխի) և թաց (համապատասխանաբար` խորխի առկայությամբ): Ի դեպ`«թացությունը» պաշտպանական դեր է կատարում:
Ըստ այնմ, թե ինչպես է հազն արտահայտվում, որոշվում են բուժման մեթոդները:
Բրոնխիտը` կախված հիվանդության տևողությունից, սուր և քրոնիկ բնույթի է լինում. դրանք սկզբունքորեն տարբեր վիճակներ են:
Սուր բրոնխիտը, սովորաբար, արտահայտվում է սուր շնչառական հիվանդություններին զուգահեռ, ասենք` հարբուխի հետ, որի դեպքում դիտվում է ջերմության բարձրացում, ու կոկորդում քոր կամ էլ ցավ է առաջանում:
Երբեմն սուր բրոնխիտն ուղեկցվում է տրախեիտի հետ:
Սուր բրոնխիտի ժամանակ հազը կարող է և թաց լինել, և չոր: Բուժման հիմնական սկզբունքը թանձր խորխի ջրիկացմանը նպաստող միջոցների կիրառումն է, որոնք կհեշտացնեն խորխահեռացումը: Հիմնականում նշանակվում են խորխաբեր դեղամիջոցներ:
Քրոնկ բրոնխիտ
Բրոնխիտը քրոնիկ բնույթ է ստանում բրոնխների հաճախակի բորբոքմանհետևանքով, որը էպիզոդներով սրացումներ է ունենում: Արտահայտվում է խորխի առկայությամբ հազով: Հիմնականում խորխը թարախային բնույթի է: Բրոնխիտի այս տեսակը հասուն մարդկանց մոտ երեխաների համեմատ ավելի հաճախ է հանդիպում: Ռիսկի հիմնական գործոններն են մրսածության հետևանքով առաջացող հիվանդությունները, ինչպես նաև` ծխելը: Նշանակություն ունի նաև հիվանդի աշխատանքի բնույթը (փոշու կամ էլ ներկանյութերի ու լուծիչների գոլորշիների հետ առնչվող աշխատանք):
Բուժման նպատակով նախ որոշվում է այդ հիվանդության հարուցիչ մանրէի տեսակը, ու համապատասխան դեղամիջոց է ընտրվում, որը կարող է ազդել այդ մանրէի վրա և կայունացնել հիվանդի վիճակը:
Տրախեիտը ինքնին վտանգավոր հիվանդություն չէ, սակայն հաճախ ուղեկցվում է հիվանդին անհանգստացնող հազով:
Դա չոր ու լարված հազ է, որը երբեմն կրծքավանդակի ցավ է առաջացնում: Ընդ որում, այս դեպքում խորխ չի լինում, դրա համար էլ ընտրված դեղամիջոցների օգնությամբ պետք է պարզապես մեղմել, ճնշել հազը: