տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Աշուն` գրիպի սեզոն

Բժշկի անկյուն. Աշուն` գրիպի սեզոն

219
0

Woman with tissue having flu or allergy

Հատկապես խորը աշունը, ձմեռն ու գարունը, երբ արևը շատ չէ ու վիտամինների քանակն էլ նվազ է, օրգանիզմը մրսելու հետևանքով առաջացող հիվանդությունների նկատմամբ «բաց» է ու գրիպի վիրուսը հեշտությամբ  է ներթափանցում վերին շնչուղիներ: Գրիպով հիվանդանում են բոլորը: Իսկ առողջացումից հետո  իմունիտետը (անընկալություն) երկար չի պահպանվում, քանի որ այդ հիվանդության վիրուսները բազմատեսակ են:

Յուրաքանչյուրը գիտի, որ կանցնի 3-5 օր ու ջերմությունը կիջնի, գլխացավն էլ կանհետանա: Օրգանիզմը կհաղթահարի հիվանդությանը , սակայն այդ «մենամարտից» անշուշտ  կթուլանա:

Երբեմն  գրիպին  անմիջապես կամ էլ որոշ ժամանակ անց հետևում է թոքաբորբը, կոկորդաբորբը  ևն: Իսկ հաճախ էլ կրկնվում են այն հիվանդությունները, որոնք, թվում է թե վաղուց բուժվել էին, ասենք` անգինան, թոքերի քրոնիկ կամ էլ սրտի հիվանդությունները; Շատերը մոռանում են, որ մինչ այդ գրիպով են հիվանդացել, մինչդեռ, նենգ հիվանդությունն  այդ մոռացման համար վրեժխնդիր է լինում:

Բժիշկը հաճախ անկողնային ռեժիմ է նշանակում գրիպի ժամանակ, սակայն հայտնի բան է, որ շատերս պարզապես  այդ հիվանդությունը լուրջ չենք ընդունում ու «ոտքի վրա» ենք տանում, ինչն էլ հանգեցնում է բարդությունների: Մոռանում ենք մի շատ կարևոր հանգամանք.գրիպը  հիվանդության առաջին օրերին շատ վարակիչ է լինում ու անլուրջ մոտեցումը նշանակում է չխնայել մեզ ու  շրջապատողներին:

Մեր օրերում գրիպի ու դրա հետևանքների դեմ պայքարելու բազում դեղամիջոցներ կան, հակաբիոտիկներ  ու նոր դեղամիջոցներ: Բոլորն էլ դրական ազդեցություն ունենում են, սակայն անկողնային ռեժիմն օգնում է օրգանիզմին ուժերը կենտրոնացնելու գրիպի վիրուսի դեմ պայքարին: Հիվանդության ժամանակ պետք է հաճախակի օդափոխել սենյակն ու խոնավ մաքրություն իրականացնել:

Հիվանդին առատ հեղուկ պետք է տալ`  օրգանիզմից թունավոր նյութերի դուրսբերման նպատակով: Հյութերն ու վիտամինները, հատկապես С վիտամինը թեթևացնում են հիվանդագին վիճակը:

Գիտնականներն ուսումնասիրելով արխիվները, բացահայտել են մի օրինաչափություն, 100 տարում գրիպի պանդեմիաներ են լինում 2-3 անգամ:  Վերհիշելով պատմությունը, կարելի է գրիպի 4 հիմնական պանդեմիա (աշխարհավարակ) տարբերակել. «իսպանկան», ասիական , Հոնկոնգի պանդեմիան ու խոզի գրիպը:

«Իսպանկան» 20-րդ դարի ամենասարսափելի հիվանդությունն էր, որն ավելի շատ մարդու կյանք խլեց, քան ՁԻԱՀ-ը` 25 տարում ու առաջին աշխարհամարտը: «Իսպանկայից»  փորձում էին բուժվել ծխելով, վիսկի խմելով, բաց օդում զբոսանքով, սառցաջրում սուզվելով կամ էլ արյուն բաց թողնելով: Իհարկե, այդ բոլոր մեթոդները չէին օգնում:

Ամեն տարի ողջ աշխարհում գրիպից 250 000- 500 000 մարդ է մահանում: Թվում է թե հիվանդությունը ծանր չէ, սակայն կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ, ուստի պետք է անգամ հասարակ թվացող գրիպի դեպքում բուժվել կամ էլ դիմել մասնագետի օգնությանը , ոչ թե ինքնահոսի թողնել: