տուն Լուրեր Բժիշկներն ինչպե՞ս են գնահատում նորածին հնգյակի առողջական վիճակը. նոր մանրամասներ

Բժիշկներն ինչպե՞ս են գնահատում նորածին հնգյակի առողջական վիճակը. նոր մանրամասներ

186
0

4720

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանում այսօր առավոտյան ժամը 04։00-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում  լույս աշխարհ է եկել հնգյակ` 4 աղջիկ և 1 տղա։

Փոքրիկների մայրն այժմ  իրեն լավ է զգում և արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը. «Այս պահին երեխաները գտնվում են արհեստական շնչառության տակ: Նրանց վիճակը գնահատվում է կայուն: Մեզ մոտ միայն մեկն է, մյուս երեխաներն այլ նեոնատալ կենտրոններ են տեղափոխվել, որովհետև պետք է եղել այլ բժշկական կենտրոնների ներուժն օգտագործել»:

Երեխաներից երկուսը` աղջիկը և տղան, գտնվում են «Մուրացան» բժշկական կենտրոնում, որտեղից տեղեկացանք, որ երեխաների վիճակը ծանր է:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից էլ, որտեղ գտնվում է աղջիկների մեկը, ասացին, որ իրենց մոտ գտնվող փոքրիկի վիճակը նույնպես գնահատվում է ծանր. «Առայժմ հարաբերական կայուն է վիճակը, բայց այս քաշով` 800 գրամանոց երեխաների կյանքին պոտենցիալ վտանգ է սպառնում: Հիմա երեխան արհեստական շնչառության տակ է, վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն, այսինքն` վատացում չկա»,- նշեց բժշկական կենտրոնի աշխատակիցը:

Իսկ մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնից, որտեղ գտնվում է փոքրիկներից մեկը, հրաժարվեցին նրա առողջական վիճակի մասին տեղեկատվություն հաղորդել: