տուն Լուրեր Բունդեսթագն այսօր կքննարկի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Բունդեսթագն այսօր կքննարկի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

89
0

1065726810

Գերմանիայի Բունդեսթագն այսօր՝ հունիսի 2-ին, կքննարկի երկրի իշխող ՔԴՄ/ՔՍՄ կոալիցիայի, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ու Կանաչների ներկայացրած բանաձևը, որում 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների կոտորածները անվանվում են ցեղասպանություն:

Բանաձևը վերնագրված է՝ «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին»: Հայերի մասին փաստաթղթում մասնավորապես ասվում է. «Նրանց ճակատագիրը զանգվածային բնաջնջման, էթնիկ զտման, տեղահանությունների, իրական ցեղասպանության օրինակ է, որոնցով սարսափելիորեն նշանավորվեց 20-րդ դարը»:

Բանաձևի նախագծում ասվում է, որ Գերմանական կայսրությունը մասնակի պատասխանատվություն է կրում այդ իրադարձությունների համար:

«Բունդեսթագը ճանաչում է Գերմանիայի առանձնահատուկ պատմական պատասխանատվությունը: Դա ներառում է նաև Հայաստանին և Թուրքիային աջակցելու գործընթացը, որի արդյունքում նրանք պետք է անցյալը հետևում թողնեն և զբաղվեն փոխըմբռնման և հաշտեցման ուղիներ որոնելով»,- ասվում է փաստաթղթում:

Հիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից այդ բանաձևի քվեարկությունը հարուցել է Թուրքիայի պաշտոնական դժգոհությունը: Այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու վարչապետ Բինալի Յըլդըրըմը մի քանի անգամ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ զրույցում և այլ առիթներով հայտարարել են, որ բանաձևի ընդունումը կվատթարացնի երկու երկրների միջև հարաբերությունները:

Անկարան, շարունակելով Հայոց ցեղասպանության ավանդական ժխտողականությունը, բանաձևի քննարկումը որակում է `որպես «քաղաքական շահարկում»: