Բրյուսելի մետրոպոլիտենի գնացքներից մեկում մարտի 30-ի առավոտյան էլեկտրոնային ցուցանակին հայտնվել է «Բում» (Boom) գրությունը, հայտնում է RTL-ը:
Ուղեւորը թվիթերում լուսանկար է տեղադրել այդ գրությամբ: Նշվում է, որ Բրյուսելում ահաբեկչական գործողությունից ութ օր անց դա լիովին կարող էր խուճապ ստեղծել ուղեւորների շրջանում:
Այնուամենայնիվ, տրանսպորտային STIB ընկերությունից պարզաբանել են, որ տեղի ունեցածը տեխնիկական սխալ է, ոչ թե կիբերգրոհ կամ ինչ-որ մեկի կատակը:
Ընկերության ներկայացուցչի խոսքով, գրությունն ընդամենը նման է «Բում» բառին, իրականում դրանք այլ խորհրդանիշներ են, որ սխալմամբ են հայտնվել:
ԶԼՄ-ների տվյալներով, գրությունը հայտնվել է միայն մեկ վագոնում, աշխատակիցները օպերատիվությամբ եկել են եւ շտկել արտասովոր սխալը: