Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հրաժեշտի հանդիպումներ է ունեցել Բուլղարիայի նախագահի, երկրի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, մարտի 31-ին նախագահական նստավայրում Արսեն Սհոյանին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռոսեն Պլևնելիևը: Նախագահն իր խոսքում կարևորել է վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Բուլղարիայի բարեկամական հարաբերություններում արձանագրված առաջընթացը՝ հույս հայտնելով, որ երկու երկրների փոխգործակցությունը կրելու է շարունակական բնույթ:
Դեսպանն իր խոսքում նշել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում ջանքեր է գործադրել հայ-բուլղարական հարաբերությունները բոլոր բնագավառներում առավել խորացնելու ուղղությամբ: Դեսպան Սհոյանը միաժամանակ շնորհակալություն է հայտնել այն ջերմ ու կառուցողական վերաբերմունքի համար, որ ցուցաբերում են Բուլղարիայի նախագահը, իշխանությունները և բուլղար ժողովուրդը Հայաստանի և բուլղարահայ համայնքի նկատմամբ:
Նախագահ Պլևնելիևը Արսեն Սհոյանին պարգևատրել է «Ստարա Պլանինա» շքանշանով:
Հանդիսությանը ներկա էին Բուլղարիայի ԱԺ պատգամավորներ` հայ-բուլղարական պատգամավորական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրովի գլխավորությամբ, ԲՀ ԱԳՆ ներկայացուցիչներ, Սոֆիայում հավատարմագրված օտարերկրա դեսպաններ:
ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպումներ է անցկացրել նաև երկրի նախկին վարչապետ, Բուլղարիայի Թագավոր Սեմյոն Սաքսոբուրսկիի, ԱԳ նախարար Դանիել Միտովի, Բուլղարիայի Ժողովրդական ժողովի նախագահ Ցեցկա Ցաչևայի և ԲՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա պատգամավորական խմբի անդամների հետ։