
Ինչպես հաղորդում է Բուլղարիայի նախագահի պաշտոնական կայքը, Ռոզեն Պլևնիևը պարգևատրման արարողության ժամանակ հիշատակել է հայ և բուլղար ժողովուրդների դարավոր պատմություն ունեցող բարեկամությունը, մշակութային և կրոնական նմանությունը:
«Նշանակալի է Բուլղարիայի հայ համայնքի դերը, որը լավ ինտեգրված է և ունի փայլուն ներկայացուցիչներ սոցիալ-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում: Վստահ եմ, որ նրանց գործունեությունը կշարունակի լինել այն ամուր հիմքը, որի վրա հետագայում էլ կզարգնան մեր երկկողմ հարաբերությունները»,- ասել է Բուլղարիայի նախագահը:
Նախագահ Պլևնիևը նաև շեշտադրել է Հայաստանի և Բուլղարիայի միջև ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը:
«Երկու երկրներն էլ ունեն ռազմավարական դիրք և կարող են սերտ գործընկերներ լինել Եվրոպան և Ասիան կապող նոր տրանսպորտային և էներգետիկ միջանցքների կառուցման գործում»,- ընդգծել է Բուլղարիայի նախագահը` հավելելով, որ Հայաստանը ԵՄ-ի համար կաևոր գործընկեր է:
Նրա խոսքով` Բուլղարիան աջակցում է Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր շրջանակային համագործակցության համաձայնագրի բանակցությունների հաջող ընթացքին: