Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Կգ նախարար Արմեն Աշոտյանը, ամփոփելով կրթական տարին, անդրադարձավ նաև ոլորտի ձախողումներին: Նախարարն ընդգծեց, որ ծրագրային որևէ ձախողում նախարարությունը չի արձանագրել, իսկ ինչ վերաբերում է համակարգային այնպիսի խնդրին, ինչպիսին է կաշառքը, դա լուծելու համար տարիներ են պահանջվում:
Անդրադառնալով դպրոցներում կազմակերպվող դրամահավաքներին` նախարարը շեշտեց, որ դրանք չպետք է դիտարկել միակողմանի:
«Ի՞նչ է նշանակում դպրոցական դրամահավաք: Սա նշանակում է գումար հավաքել, որն ընդունված բանաձև է եվրոպական երկրներում, բացի այդ, ոչ մի երկրում դպրոցներն այդքան ֆինանս չեն ստանում պետական բյուջեից, որքան մեզ մոտ: Եթե դպրոցում կան ծնողներ, ովքեր իրար մեջ ինչ-որ բաներ չեն կիսում, սա արդեն այլ հարց է: Գիտեք մենք շատ ենք բողոք-զանգեր ստանում ծնողներից այն մասին, որ երեխաներին թանգարան կամ թատրոն տանելու համար դրամահավաք է կազմակերպվել: Ի վերջո սա անհատական ընտրության հարց է: Եթե ինչ-որ մեկը չի ցանկանում գնալ , թող չգնա, բայց սխալ է, երբ մի հոգու պատճառով մնացածը ևս տուժում են»,-նկատեց Աշոտյանը` կոչ անելով չկենցաղայնացնել կրթական հարցերը:
Նախարարն անդրադարձավ նաև վերջերս բուռն քննարկումների պատճառ դարձած այն տեղեկատվությանը, որի համաձայն՝ նախատեսվում է բուհերը Երևանից տեղափոխել Գյումրի: Աշոտյանն ընդգծեց, որ սա միտված է բուհական համակարգի կառուցվածքային արդիականացմանը, մինչդեռ նման նախագիծ չկա: Ըստ բանախոսի` ավելի արդյունավետ կլինի որոշ բուհեր տեղափոխել Աբովյան:
Վարդուհի Ստեփանյան