«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը նշել է, թե որի թիմերին է համարում Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ֆավորիտ:
«Ընթացիկ խաղարկությունում ես ֆավորիտ եմ համարում «Բարսելոնային», «Յուվենտուսին» և «Մանչեսթեր Սիթիին»: Լավ հնարավորություններ ունի նաև «Լիվերպուլը» և պետք չէ մոռանալ Մադրիդի «Ռեալի» մասին:
Իհարկե, ես նախկինի պես երազում եմ Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին: Նախորդ մրցաշրջանում կարծում էի, որ դա իմ վերջին հնարավորությունն էր, սակայն այժմ ևս մեկ հնարավորություն ունեմ»,- Բուֆֆոնի խոսքը մեջբերել է The Mirror-ը:
Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալելու է «Լիվերպուլին»: Հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով կեսգիշերին:
Այս խաղից առաջ «Լիվերպուլն» ունի 6 միավոր և զբաղեցնում է C խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ ՊՍԺ-ն 5 միավորով երրորդն է։