Սուրիկ Խաչատրյանի որդուˋ Տիգրան Խաչատրյանի անվան հետ կապված վերջին իրադարձությունները կանխատեսելի էին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Բուդաղյանների գործով փաստաբան Հայկ Ալումյանը: Վերջինս ընդգծեց, որ չի ցանկանում իրադարձությունները մեկնաբանել Բուդաղյանների փաստաբանը լինելու պատճառով, քանի որ նրանք դատական գործի բուն լուծումը չեն կապում որևէ իրադարձության հետ:
«Ես մտավախություն ունեմ, որ մենք Սյունիքում հաճախ ենք ականատես լինելու նման դեպքերի, քանի որ մարդիկ ականտես են եղել անպատժելիության շարունակական մթնոլորտի: Մարդիկ տեսնում են, որ մեղավորները չեն պատժվում»,-նշեց փաստաբանը:
Վերջինս տեղեկացրեց, որ այսօր Բուդաղյանների գործը քննվում է երեք մարմիններում. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ քննվում է Արտակ Բուդաղյանի մեղադրանքով հարուցված քրեական գործը, հաջորդը Արաբկիր և Քանաքեռ Զեյթունի ընդհանուր իարավասության դատարանում գործ է հարուցվել մեղադրող կողմի բողոքների հիման վրա: Նույն հարցով Եվրոպական դատարանում ևս արդեն գրանցվել է գործ:
Ներկայացնելով գործի ընթացըˋ փաստաբանը նկատեց, որ քրեական գործում բացահայտվել են բազմաթիվ կեղծիքներ, որոնց կապակցությամբ դատարանն են կանչվել և հարցաքննվել քննիչները: «Եթե քննիչները հարցաքննվում են, սա նշանակում է, որ նրանք թույլ են տվել խախտումներ, մինչդեռ նրանց իրարամերժ և զավեշտալի ցուցմունքներն ավելի խճճեցին մեզ փոխանակ պարզաբանում տալու»,-նշեց նա:
Ալումյանը շեշտեց նաև, որ դատարանի որոշմամբˋ Սուրիկ Խաչատրյանի հեռախոսազանգերը պետք է գաղտնալսվեին և ձայանգրվեին սկսած հունիսի 14-ից 30 օրվա ընթացում, մինչդեռ այս նյութը քրեական գործից անհետացել է, փոխարենը գործում հայտնվել է այն քննիչի այն փաստարկը, որ տեխնիկական խնդիրների պատճառով չի հաջողվել այն ձայնագրել:
«Ես կարծում եմ, որ նյութեր իրականում եղել են, հետո հանվել են գործից: Կոստանյանն այս առնչությամբ նշեց, որ սա մեծ կորուստ չէ, քանի որ այդ խոսակցությունները գործի հետ կապ չունեին, բայց եթե դրանք կապ չունենային, ապա չէին հանվի գործից: Չի բացառվում, որ գուցե հեռախոսազրույցների ընթացքում հնչել են այնպիսի մարդկանց անուններ, որոնք չպետք է հնչեին»,-նշեց փաստաբանը:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք ապացուցված է այն պնդումը, որ Սուրիկ Խաչատրյանի որդու արյան մեջ թմրամիջոց է հայտանբերվել, Ալումյանն ընդգծեցˋ այս հարցը կասկածից վեր է, քանի որ Տիգրան Խաչատրյանի արյան մեջ հայտանբերվել է մեծ քանակությամբ թմրամիջոց:
«Տիգրան Խաչատրյանը թմրամիջոցի առկայությունը փորձել է պատճառաբանել այն հանագմանքով, որ իրենք տանը հաճախ կանեփի սերմեր են օգտագործում, մինչդեռ այս ճանապարհով արյան և մազերի մեջ չէր կարող հայտնաբերվել այս քանակությամբ թմրամիջոց»:
Ինչ վերաբերում է օրերս Սուրեն Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ բացած կրակին, ապա փաստաբանը նշեցˋ տարօրինակ է, որ այդքան կրակոցների արդյունքում ոչ ոք չի վնասվել: Ըստ բանախոսիˋ եթե այդ կրակոցները չլինեին, այսօր մամուլի կողմից ամենաշատ քննարկվող հարցը Տիգրան Խաչատրյանի արարքի քննարկումը պետք է լիներ, իսկ սա փորձ էր շեղելու լրագրողների ուշադրությունը Տիգրան Խաչատրյանի գործից: