Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մարտի 22-ին իրականացված ահաբեկչության մասնակիցներից մեկը մի քանի տարի առաջ աշխատել է Եվրախորհրդարանում` որպես հավաքարար: Այս տեղեկությունը մամուլին է փոխանցել Եվրախորհրդարանի ներկայացուցիչներից մեկը, հաղորդում է «Russia Today»-ը:
Այդ ահաբեկչի անունը պաշտոնապես չի հրապարակվում, սակայն մամուլի տեղեկություններով` խոսքը Նաջիմ Լաշրավիի մասին է, ով ակտիվացրել է պայթուցիկ սարքը Բրյուսելի օդանավակայանում: Նշվում է, որ այդ մահապարտ ահաբեկիչը կասկածվում է նաև Փարիզի ահաբեկչության մեջ:
ԶԼՄ-ներում մեկնաբանները տարակուսանք են հայտնում, որ, փաստորեն, ահաբեկիչները կարողանում են մուտք ունենալ Եվրամիության կենտրոնական հաստատություններ, ինչը չի վկայում անվտանգության մարմինների արդյունավետ աշխատանքի մասին: