Բելգիահայ համայնքը նախօրեին բողոքի ցույց է անցկացրել Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան առջեւ: Ցույցին մասնակցել են Բելգիայի հայ համայնքի տասնյակ կազմակերպությունների հարյուրավոր ներկայացուցիչներ` իրենց բողոքի ձայնը բարձրացնելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի դեմ: Ցույցի մասնակիցները դատապարտել են խաղաղ բնակչության նկատմամբ կատարված վայրագությունները, հայտնել իրենց պատրաստակամությունն ամեն կերպ աջակցելու Արցախի ժողովրդի արդարացի պայքարին:
Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ճանաչել ԼՂ անկախությունը. ArmenPress
ԼՂ-ն ամբողջությամբ ժողովրդավարական ինստիտուտ է` օրինակելի դատական համակարգով…
Եվրախորհրդարանի Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինքի ներկայացուցիչ Ժոզեֆ-Մարիա Տերիկաբրասը (Իսպանիա) ելույթ է ունեցել ԵԽ լիագումար նիստում` պահանջելով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ներառել Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցություններում: Այդ մասին հայտնում է «ԱրմենՊրեսը»:
«1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության գերակշռող մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախության հանրաքվեում: Այս ժողովրդավարական գործընթացին ի պատասխան Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց, ինչի հետեւանքով շուրջ 30 հազար զոհ գրանցվեց: Արդյունքում Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կնքվեց հրադադարի համաձայնագիր: 1992 թվականին Մինսկի խմբի ստեղծումը բեկումնային էր, սակայն Ադրբեջանը հրաժարվել է հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրելու նպատակով հետաքննության մեխանիզմների կիրառումից:
ԼՂ-ն ամբողջությամբ ժողովրդավարական ինստիտուտ է` օրինակելի դատական համակարգով եւ կոռուպցիայի ցածր մակարդակով: Այդ իսկ պատճառով, մենք պահանջում ենք Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ներառել Մինսկի խմբի բանակցային գործընթացի մեջ, քանի որ նրանք են որոշում երկրի բնակիչների ապագան: Ռազմական հակամարտությունը մեկընդմիշտ լուծելու նպատակով անհրաժեշտ է միջազգայնորեն պաշտոնապես ճանաչել նոր անկախ պետությունը»,- ասել է իսպանացի խորհրդարանականը:
Ապրիլի 12-ին նախատեսվում է նաեւ Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության ընդունումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: