Ռիոյում օգոստոսին կայանալիք օլիմպիական խաղերին Հայաստանից առայժմ մասնակցելու է 32 մարզիկ: Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանի խոսքով` մասնակիցների թիվը վերջնական չէ: Կոնկրետ Շիրակի մարզը ներկայացնելու են գյումրեցի մարզիկներ Ամալյա Շառոյանը՝ թեթև ատլետիկա, Արթուր Ալեքսանյանը՝ հունա-հռոմեական ըմբշամարտ, Հովհաննես Դավթյանը՝ ձյուդո, բռնցքամարտիկներ Հովհաննես Բոչկովն և Արթուր Հովհաննիսյանը, ծանրամարտիկներ Նազիկ Ավդալյանը և Գոռ Մինասյանը:
Մեդալներ ակնկալում են բոլորից, սակայն որպես փորձառուների, Վաչիկ Վարդանյանը շեշտում է հատկապես Արթուր Ալեքսանյանին, ով արդեն երկրորդ անգամ է մասնակցելու օլիմպիական խաղերին, և Հովհաննես Դավթյանին, ում համար Ռիոն կլինի երրորդ օլիմպիադան: Մեծ հույսեր են կապում նաև ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանի հետ:
Գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Թուրքիայի Սամսուն քաղաքում կայացած վարկանիշային մրցումների ժամանակ անարդարացիորեն զրկվել էր օլիմպիական ուղեգրից: Սակայն Բաչկովը մասնակցեց Վենեսուելայի Վարկաս քաղաքում հուլիսի 3-8-ը կայացած վարկանիշային մրցումներին և, հաղթելով երեք մրցակիցներին, ձեռք բերեց ուղեգիր: