Ֆինանսական հաջողությունը մարզական նվաճումների երաշխիք չէ, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն՝ ակումբի ֆինանսական տարվա ամփոփման ժամանակ։
«Թեեւ Պրեմյեր լիգան հսկայական եկամուտներ ունի հեռարձակումների իրավունքի վաճառքից, սակայն Անգլիան առաջիկա 50 տարիներին չի նվաճի աշխարհի չեմպիոնի կոչումը։
Մեր վաստակած ամբողջ գումարը կներդրվի ֆուտբոլում, որպեսզի պահպանենք նախորդ տասնամյակում ձեռք բերած նվաճումները։ Միաժամանակ մենք թույլ չենք տա մարզական նվաճումների հասնելու համար պարտքեր կուտակելը»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Թեեւ անցած մրցաշրջանում «Բորուսիան» Բունդեսլիգայում գրավեց 7-րդ տեղը, իսկ Չեմպիոնների լիգայում դուրս մնաց փլեյ-օֆֆի առաջին շրջանից, սակայն ակումբի շրջանառությունը 260 միլիոն եվրոյից հասել է 276 միլիոնի։ Ակումբի շահույթը կազմել է 55,6 միլիոն եվրո (մինչեւ հարկերի, վարկային տոկոսների եւ ամորտիզացիոն ծախսերի հանելը)։ Աշխատավարձի ընդհանուր գումարը 85 միլիոն եվրոյից աճել է մինչեւ 94 միլիոն։