Դորթմունդի «Բորուսիան» Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին բաց կթողնի այլ ակումբ, եթե նրա համար առաջարկեն առնվազն 60 մլն եվրո, հայտնում է Kicker-ը:
Աղբյուրը նշում է, որ «Բորուսիան» ի սկզբանե մտադիր չէ հրաժարվել Մխիթարյանի ծառայություններից, սակայն վերոնշյալ գումարի դիմաց, ամենայն հավանականությամբ, կհամաձայնի:
Գերմանական ակումբի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ, այդ թվում՝ Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին»: Վերջինս, ինչպես հայտնի է, պատրաստ է վճարել նշված գումարը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն անցկացրել է 31 խաղ, խփել 11 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում: Դորթմունդյան ակումբի հետ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թվականին: