Ազգային ժողովն այսօր Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Վրաստանում ջրհեղեղի հետևանքով զոհվածների հիշատակը: Այնուհետև, քվեարկության դրվեց օրակարգը հաստատելու մասին հարցը:
Վարման կարգով ելույթներում պատգամավորները դեմ արտահայտվեցին ներկայացվող օրակարգին` հիմնավորելով, որ չեն հասցրել ծանոթանալ օրինագծերին:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն դժգոհեց` ամենակարևոր նախագծերը բերվում են նստաշրջանի ավարտի և նման հրատապությամբ նախագծեր ընդունելն իրենց համար անընդունելի է:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ևս նկատեց` ներկայացված օրիանագծերը լուրջ քննարկման կարիք ունեն, որոշները` նաև լսումների. «Շատ վտանագվոր է այս ռեժիմով օրինագծեր ըդունելը»:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ առաջարկեց` Գործադիրն օրակարգից հանի երկու հարց` «Պետական պարտքի մասին» և «Ակցիզային հարկի մասին» օրենքի նախագծերը, որոնք բացասական ազդեցություն են ունենալու տնտեսության վրա և լուրջ քննարկման կարիք ունեն:
ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ տեղեկացրեց, որ հանձնաժողովը չի կարողացել փաթեթները քննարկել:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ևս դժգոհեց, որ շարունակվում է նախորդ կառավարության ձևավորած վատ ավանդույթը. «Իհարկե, կառավարությունն ունի իրավունք, քաղաքական մեծամասնությունն էլ պետք է աջակցի, բայց այս տեմպով որակյալ ոչ մի նախագիծ չի կարող քննարկվել և ընդունվել»:
«Բոլորս մտահոգություն ենք արտահայտում, դուք ասում եք` քվերակում ենք, ի՞նչն ենք քվեարկում»,- դիմելով ԱԺ նախագահին` հետաքրքրվեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Միայն ԱԺ ֆինանսաբյուջետային եւ վարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ասաց, որ նախագծերը քննարկել են և պատրաստ են հարցերի քննարկումները տեղափոխել լիագումար նիստ:
Նախագծերի ընթացակարգը հաստատվեց 66 կողմ, 35 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: