տուն Լուրեր Բոլոր խորհուրդները չեն, որ ընդունելի են. Արտակ Զաքարյան

Բոլոր խորհուրդները չեն, որ ընդունելի են. Արտակ Զաքարյան

97
0

600x323xnews_3696798236831_constitution2.jpg,Mic_.333opOTyuw.jpg.pagespeed.ce.333opOTyuw

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ երեկ տեղի ունեցած հանդիպումը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների միջև հանրային քննարկումների հերթական միջոցառում էր, որտեղ փորձ էր արվում երկխոսության միջոցով պարզաբանել մասնագիտական դիրքորոշումներ:

«Կարևոր է, որ հանձնաժողովը մի քանի անգամ շեշտեց, թե գոյություն ունեցող քաղաքական խնդիրների կողքին իրենց նպատակը և առաքելությունը ՀՀ սահմանադրական բարեփոխումների նախագծի համապատասխանեցումն է ժողովրդավարական չափանիշներին: Բնականաբար, քաղաքական հայտարարություններ ևս եղան»,- ասաց պատգամավորն ու հույս հայտնեց, որ առաջիկայում կազմակերպվելիք խորհրդարանական լսումների ժամանակ քաղաքացիական սեկտորը ակտիվ մասնակցությունը կունենա:

«Այժմ դեռ ավարտված չէ քաղաքական երկխոսության շրջանը, և քաղաքական կուսակցությունների դիրքորոշումները, մոտեցումները, նրանց հավաքական ձևակերպումները շատ կարևոր են, որպեսզի մենք վերջնարդյունքում ունենանք հանրաքվեի դրվող հանրային հասարակական համաձայնություն վայելող փաստաթուղթ»,- նկատեց նա:

Արտակ Զաքարյանը կարևորում է սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Ըստ նրա` այս անգամ սահմանադրական փոփոխությունները ավելի մեծ կարևորություն են ստանում:

«Մեզ առաջին հերթին հետաքրքրում է ՀՀ քաղաքացիների կարծիքը: Սահմանադրությունը այն եզակի փաստաթղթերից է, որ համաժողովրդական համաձայնությամբ պետք է լինի»,- նշեց նա:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող ուժերին և անհատներին, Զաքարյանն ասաց, թե չի բացառվում, որ անգամ անծանոթ լինելով կարող են դեմ արտահայտվել նախագծին:

«Եվ «այո»-ն, և «ոչ»-ը ինքնանպատակ լինել չեն կարող: Սա այն գործընթացն է, որն ամեն տարի չես իրականացնի։ Այն իրականացնելուց առաջ պետք է առավելագույնս համաձայնեցված և առավելագույն լավ մշակված վերջնարդյունք ունենալ: «Ոչ»-ի հիմնավորումները գնալով դառնում են շատ ավելի անէական: Մեր հասարակության մեջ գնալով անհրաժեշտություն են դառնում բարեփոխումները։ «Ոչ» ասողներին մենք ուշադրությամբ լսում ենք: Նրանցից շատերի կարծիքները հաշվի են առնված և ներառված են նախագծում»,- ասաց նա:

Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն իրենց եզրակացությունում նշել էին նաև, որ Եվրոպական նորմերից է նույնասեռականների ամուսնությունների օրինականացումը, ինչի մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասաց, որ բոլոր խորհուրդները չեն, որ լսելի են, և բոլոր խորհուրդները չեն, որ ընդունելի են:

«Իհարկե, որպես մասնագիտական տեսակետներ, պետք է իմանալ, որոշ դեպքերում էլ` հաշվի առնել: Բայց կան առաջարկներ, որոնք արմատապես հակասում են մեր հասարակության արժեքային համակարգին, կան նաև այնպիսինները, որոնք ժողովրդավարական զարգացման տրամաբանության ներքո են, և չի խանգարի, որպեսզի դրանք տեղ գտնեն մեր Սահմանադրության նոր նախագծում»,- եզրափակեց պատգամավորը: