Araratnews.am-ի լրագրողը քիչ առաջ տեղեկացավ, որ Գյումրու կենտրոնական շուկայի հարյուրավոր մանր ու միջին զբաղվող բոլոր առեւտրականները այսօր առավոտից գործադուլ են անում և բողոքի ակցիա են անցկացնում «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ։ Առեւտրականներ փակել են քաղաքի կենտրոնական փողոցները եւ պահանջում են հադիպում Շիրակի մարզի հարկային տեսչության պետի հետ, մինչդեռ ակցիայի մասնակիցներին քիչ առաջ մոտեցել է Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը և փորձել է համոզել, որ նրանք բացեն ճանապարհը, մինչդեռ ցուցարարները չեն բացել ճանապարհը և շարունակել են իրենց բողոքը:
Առեւտրականները նաև նշել են, որ եթե մայրաքաղաքից Գյումրի չժամանեն կառավարության անդամները և իրենց հուզող հարցերին չպատասխանեն, ապա իրենք կմիանան մայրաքաղաքում ԱԺ շենքի դիմաց բողոքող գործընկեր առեւտրականներին:
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։
Լուսանկարը՝ galatv.am-ի:
Էմմա Պալյան