Այսօր 13։46-ին հզոր մագնիսական տատանման հետևանքով առաջինն անջատվել է Հրազդանի 5-րդ էներգաբլոկը։ Այս մասին հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
«Այսօր 13։46-ին հզոր մագնիսական տատանման հետևանքով առաջինն անջատվել է Հրազդանի 5-րդ էներգաբլոկը։ Էներգահամակարգում նման անջատումները կարող են բազմաթիվ պատճառներ ունենալ։ Կարող է որևէ տեխնոլոգիական խնդիր առաջանալ որևէ բլոկում։ Օրինակ՝ Երևանի ՋԷԿ-ում, միգուցե, տեխնոլոգիական խնդիրն առաջացել է 5-րդ էներգաբլոկում, հետո ցանցի միջոցով այդ տատանումները, խախտումները հասել են մյուս ցանցերին։ Դա վարկած առաջինն է»,- ասաց նա։
Վարդանյանի խոսքով՝ հաճախականությունը եկել է Իրանից, քանի որ մենք սինքրոն կապով կապված ենք Իրանի հետ․ «Միգուցե, էնտեղ է եղել խոշոր վթար, այսինքն՝ մեկ-երկու կայանի, և այդտեղից մագնիսական ալիքով հասել է Հայաստան, որովհետև գիծն այդ պահին մոտավոր 300 ՄԳ ՎՏ ծանրաբեռնված է եղել։ Դա վարկած երկրորդ»։
Փոխնախարարը նշեց նաև երրորդ վարկածը։ Ըստ նրա, խնդիրը միգուցե հենց Երևանի Ջէկ-ից է եղել, չնայած որ նրանք հերքել են դա։ «Ուսումնասիրությունները ցույց կտան, թե որտեղ է եղել խնդիրը»։