30 հազար հարցվածների շրջանում անցկացված ամերիկյան հետազոտական լրատվակայքի տվյալներով՝ 2019 թ. տեխնոլոգիաների ոլորտի վրա առավել ազդեցություն կունենան Սիլիկոնային հովտի ականավոր գործիչներ Իլոն Մասկը, Բիլ Գեյթսը, Մարկ Ցուկերբերգը և այլք: Այդուհանդերձ, թոփ տասնյակ է անսպասելիորեն «ներխուժել» ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որին այժմ համարում են IT-ինֆլյուենսերներից մեկը:
1. Իլոն Մասկ, Tesla-ի և Space X-ի համահիմնադիր ու գլխավոր տնօրեն, 30,2%
Վարկանիշում մեծ տարբերությամբ հաղթել է Իլոն Մասկը՝ ստանալով ձայների մեծ մասը: Մասկը համարվում է ամեն ինչի վարպետ, որը ձեռք է զարկում ամեն կարգի նախագծերի՝ Tesla և Space X, Boring Company-ի թունելների շինարարություն, OpenAI-ի արհեստական բանականություն, Neuralink-ի մեքենաների և մարդու ուղեղի ինտեգրում:
2. Ջեֆ Բեզոս, Amazon-ի հիմնադիր ու գլխավոր տնօրեն, 7,2%
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, որի ընկերությունը էլեկտրոնային առևտրի ոլորտի առաջատարն է: Բեզոսը նաև Blue Origin մասնավոր աերոտիեզերական ընկերության հիմնադիրն է, որը ստեղծվել է տիեզերական տուրիզմի զարգացման համար: Երկրորդ տարին անընդմեջ Բեզոսը ճանաչվում է մոլորակի ամենահարուստ մարդը, նրա կապիտալը կազմում է ավելի քան 155 մլրդ դոլար:
3. Սաթյա Նադելլա, Microsoft-ի գլխավոր տնօրեն, 4,4%
Ի տարբերություն Բիլ Գեյթսի՝ Microsoft-ի ընթացիկ ղեկավար Սաթյա Նադելլային հաջողվել է տեխնոլոգիական առաջնորդների ցուցակում հասնել երրորդ հորիզոնականին: Նադելլան սկսել է աշխատել Microsoft -ում 1992-ին՝ 2014-ին ստանձնելով կառավարումը: Այսօր Microsoft-ը հավասարի պես մրցակցում է Apple-ի և Amazon-ի հետ՝ որպես աշխարհի ամենահաջող ընկերություններից մեկը:
4. ԵՍ, 2,5%
30 հազար հարցվածներից շուրջ 760-ը իրեն համարել են որպես 2019-ին IT-ինֆլյուենսեր:
5. Դոնալդ Թրամփ, ԱՄՆ նախագահ, 2,2%
Թեև նա ուղղակի առնչություն չունի արդյունաբերությանը, նրա հակասական հայտարարությունները IT-ոլորտի վրա ունեցել և շարունակում են ունենալ էական ազդեցություն. բավական է հիշել նրա էմիգրացիոն հրամանը, որով արգելվում է մահմեդական երկրներից միգրանտների մուտքը, կամ մեղադրանքը Twitter-ի և Google-ի հասցեին, որոնք իբր վարկաբեկում են ԱՄՆ-ի նախագահին:
6. Սունդար Պիչայի, Google-ի գլխավոր տնօրեն, 1,9%
Զարմանալի է, բայց Սունդար Պիչային կարողացել է առաջ անցնել նույնիսկ Ցուկերբերգից, որն ավելի հանրային անձ է համարվում. ասում են, որ նա պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում: Այնուամենայնիվ, Google-ի 46-ամյա ղեկավարը, որն այդ պաշտոնին է 2015-ից, մարդկանց ավելի շատ վստահություն է ներշնչում:
Բացի այդ, վարկանիշում Պիչային առաջ է անցել Google-ի ստեղծողներից՝ Լարրի Փեյջը զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը, իսկ Սերգեյ Բրինը ընդհանրապես թոփում չի հայտնվել:
7. Մարկ Ցուկերբերգ, Facebook-ի համահիմնադիր ու գլխավոր տնօրեն, 1,7%
Չնայած օգտատերերի հետ կապված բոլոր սկանդալներին, Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը շատերի համար մնում է տեխնոլոգիական առաջընթացի և սոցիալական ցանցերի զարգացման նոր դարաշրջանի խորհրդանշան: Այսօր Facebook-ի լսարանը հասնում է 1,5 մլրդ ակտիվ օգտատերերի, այն դեպքում, երբ Երկրի բնակչությունը 7,7 մլրդ է:
8. Թիմ Կուկ, Apple-ի գլխավոր տնօրեն, 1,3%
Թիմ Կուկը Apple-ին է միացել 1998-ին, իսկ արդեն 2011-ին՝ Սթիվ Ջոբսի մահից հետո, զբաղեցրել ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը: Կուկի օրոք Apple-ը դարձավ աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական արժեքը գերազանցեց տրիլիոն դոլարը: Այդուհանդերձ, դա տեղի է ունեցել «խնձորի» որոշ խնդիրների ֆոնին՝ կապված բրենդի ամենատարածված արտադրանքի՝ iPhone-ի հանրաճանաչության անկման հետ:
Այսօր Apple-ի ղեկավարությունը փորձում է դիվերսիֆիկացնել իր եկամուտները՝ գաջետների վաճառքից հնարավորինս քիչ կախված լինելու համար՝ անցնելով ծառայությունների տրամադրմանը:
9. Լինուս Տորվալդս, Linux-ի հիմնադիր, 1,1%
49-ամյա ֆինն-ամերիկացի ծրագրավորող Լինուս Տորվալդսը համարվում է Linux-ի միջուկի ստեղծողը, որն ընկած է համանուն օպերացիոն համակարգի հիմքում: Այսօր Linux-ը համարվում է ամենատարածված օպերացիոն համակարգերից, ինչպես նաև ամենատարածված ազատ օպերացիոն համակարգերից մեկը. այսպես են կոչում ծրագրային ապահովումը, որը օգտվողին հնարավորություն է տալիս ազատ դրանից օգտվել, ներբեռնել, տեղադրել և նույնիսկ ծածկագրում փոփոխություններ կատարել:
Լինուս Տորվալդսը համարվում է Linux ապրանքային նշանի սեփականատերը: 2010-ին Հելսինկիում ծնված Տորվալդսը Միացյալ Նահանգների քաղաքացիություն է ստացել:
10. Բիլ Գեյթս, Microsoft-ի համահիմնադիր, 1%-ից պակաս
Առաջատարների տասնյակը եզրափակում է Microsoft-ի համահիմնադիր, ձեռնարկատեր և մարդասեր 63-ամյա Բիլ Գեյթսը: Թեև Գեյթն արդեն վաղուց գործերից հեռացել է՝ իր ընկերության կառավարումը հանձնելով ուրիշ մարդկանց, շատերի համար նա հանդիսանում է հաջողակ IT-գործարարի օրինակ:
Այսօր Բիլ Գեյթսը Microsoft-ում զբաղեցնում է խորհրդականի և ընկերության տնօրենների խորհրդի ոչ գործադիր նախագահի պաշտոնը՝ իր ողջ ուժերը ուղղելով բարեգործությանը: Նշվում է, որ եթե Գեյթսը բարեգործությանը չնվիրեր 35,8 մլրդ դոլար, ապա կհամարվեր Երկրի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի փոխարեն: